Կորոնավիրուսն ու արգելքները. Ինչ չի կարելի ու ինչ է պարտադիր Վրաստանում

Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով Վրաստանը շարունակում է դիմել կանխարգելիչ միջոցների: 

ԱՐԳԵԼՎԱԾ Է

  • Ռիսկային ճանաչված երկրների հետ հաղորդակցությունը

Արգելվել է Չինաստանի, Իրանի, Իտալիայի հետ ավիահաղորդակցությունը:

  •  Իտալիայի և Իրանի հետ բեռնափոխադրումները

Վրաստանի ցամաքային տրանսպորտի գործակալության որոշմամբ՝ Իտալիայի և Իրանի հետ բեռնափոխադրումները դադարեցվել են, նոր թույլտվություններ չեն տրվելու:

  • Չինաստանից կենդանիների ներմուծումը

Արգելվել է Չինաստանից Վրաստան ներկրել դեկորատիվ կրիաներ և ձկներ: Արգելքը ուժի մեջ կլինի մինչև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) և կենդանիների առողջապահության միջազգային կազմակերպության (OIE) կողմից Չինաստանի ժողովրդական հանրապետությունը կորոնավիրուսից ազատ գոտի հայտարարելը:

  • Կալանավայրերում տեսակցությունները

Մեղադրյալներին ու դատապարտյալներին արգելվել են երկարաժամկետ ու կարճաժամկետ տեսակցությունները, բանտից տարածքը կարճ ժամանակով լքելը, անձնական հանգամանքներով դուրս գալը: Բացի այդ՝ արգելվել է աշխատանքի կամ ուսման նպատակով, ինչպես նաև տոնական ու ոչ աշխատանքային օրերին տարածքից դուրս գալը:

  • Դիմակներ ուղարկելը

Փետրվարի 27-ից՝ Վրաստանից ցանկացած տեսակի ու քանակի բժշկական դիմակներ փոստի միջոցով արտերկիր ուղարկելն արգելվել է. Բժշկական դիմակների դեֆիցիտ է երկրի բոլոր դեղատներում:

  • Մասսայական հավաքները

Արգելվել են մշակութային, կրթական, մարզական և այլ տեսակի բազմամարդ հավաքները: Դադարեցվել են Ֆուտբոլի, բասկետբոլի, Հենդբոլի Վրաստանի առաջնությունները: Մարտի 14-ին Ռեգբիի Վրաստան-ՌԴ առաջնությունը կանցնի դատարկ տրիբունաներում: Տոմս ձեռք բերած մարզասերներին կվերադարձվեն գումարները:

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

  • Նախակրթական, հանրակրթական հաստատություններում նախ ժամկետից շուտ արձակուրդ հայտարարվեց, ապա հետաձգվեց մինչև ապրիլի 1-ը: Որոշ բուհերում ևս ուսումնական գրաֆիկը փոփոխություններ է կրել:
  • Գարնանային զորակոչը հետաձգվել է 1 ամսով՝ մինչև ապրիլի 13-ը:
  • Պետհաստատություններին խիստ խորհրդատվություններ են տրվել՝ սահմանափակել արտերկիր գործուղումներն ու ուսումնական ճանապարհորդությունները
  • Խորհրդարանը կանցնի հեռահար աշխատանքի: Օրենսդրական փաթեթները կքննարկվեն էլեկտրոնային տարբերակով ու կընդունվեն էլեկտրոնային քվեարկությամբ:
  • Արդարադատության նախարարությունը հորդորել է զերծ մնալ արդարադատության տներ, հանրային կենտրոններ, նոտարական բյուրոներ այցելելուց՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության:
  • Կառավարությունն անցել է 24-ժամյա աշխատանքային ռեժիմի: Սա վերաբերում է հատկապես առողջապահության, ներքին գործերի, կրթության, արդարադատության և արտաքին գործերի նախարարություններին, նաև ֆինանսների նախարարության համապատասխան գերատեսչություններին, որոնք գործում են սահմանային հատվածներում:

ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐ

  • Վրացական երկաթգծի բոլոր գնացքները և կայարանները ամենօրյա ռեժիմով ախտահանվում են: Հասարակական տրանսպորտը մշակվում է հատուկ նյութերով: Ախտահանման-կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում սահմանային անցակետերում:
  • Լրագրողներին խորհուրդ է տրվել աշխատելու ընթացքում 1-1,5 մետր հեռավորություն պահել և հարցազրույցներ անցկացնել՝ ձայնագրիչը երկար ձողի վրա ամրացնելով:
  • Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից և Իսպանիայից վերադարձած քաղաքացիները 2 շաբաթ տևողությամբ կարանտինում կմնան, կամ կներկայացնեն կորոնավիրուսով վարակված չլինելու մասին տեղեկանք:
  • Խիստ ստուգումներ են երկրի բոլոր սահմանային անցակետերում: Վրաստան մուտք գործել ցանկացող բոլոր քաղաքացիներն անցնում են սկրինինգ, սովորականից թեկուզ մի փոքր բարձր ջերմության դեպքում ուղարկվում են ստուգման, անհրաժեշտության դեպքում՝ ուղարկվում կարանտինի:

Վրաստանի առողջապահության նախարարությունն  արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն դեռևս չի տեսնում: