
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով անցկացվող միջոցառումների շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարարության Գորիի ռազմական հոսպիտալում կարանտինային գոտի է ստեղծվել: Հոսպիտալի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ նշված բժշկական հաստատությունում բուժվող հիվանդները տեղափոխվել են այլ կլինիկաներ: Գորիի հոսպիտալի կարանտինային գոտին հարկ եղած դեպքում պատրաստ է պացիենտներ ընդունել:
Ռազմական հոսպիտալում բուժվող պացիենտների մի մասը տեղափոխվել է Գորիի «Գորմեդի» կլինիկա: «Գորմեդի» կլինիկաների ցանցի տնօրեն Վասիլ Ճեիշվիլին հայտարարել է, որ ստեղծվել է ռազմավարական կառավարման հանձնաժողով:
«Մեր ցանցն ապահովված է բոլոր համապատասխան միջոցներով, տեխնիկայով և մարդկային ռեսուրսով, պացիենտները որակավորված բուժօգնություն են ստանում»,- ասել է նա: