Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի հայտարարությամբ՝ բանակցություններ են ընթանում երկու ընկերությունների հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ Վրաստան ներմուծելու համար:
Ինչպես նշել է Գամկղրելիձեն՝ այս պահի դրությամբ աշխարհում ամենահեռանկարայինը Բրիտանիայի Օքսֆորդի խմբի կողմից ստեղծված պատվաստանյութն է:
«Օքսֆորդի խմբի կողմից ստեղծված պատվաստանյութն անցել է հետազոտության երրորդ շրջանի փուլերից մեկը և այժմ պետք է մի մեծ հետազոտություն ևս անցնի, որի շրջանակներում կհետազոտվի մոտավորապես 10 000-15 000 հոգուց բաղկացած ավելի մեծ խումբ: Եթե հաստատվի պատվաստանյութի անվտանգությունը, ապա պատվաստանյութը հասանելի կդառնա: Ինչ վերաբերում է Վրաստանին, մենք աշխատում ենք այս ընկերության հետ և մեկ ամիս առաջ ուղիղ կապի մեջ ենք եղել նրանց հետ»,- հայտարարել է Գամկղրելիձեն:
Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանը բանակցությունների մեջ է նաև խոշորագույն միջազգային «Գավի» ընկերության հետ և պատվաստանյութի հաստատվելուն պես Վրաստանը կլինի այն ստացողների շարքում:
Լուսանկարը՝ radiotavisupleba.ge