Կորոնավիրուսի 19 նոր դեպք և նոր կարանտինային գոտի Վրաստանում

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ Գարդաբանիի մունիցիպալիտետի Ղարաջալա գյուղը փակվել է: ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ գյուղի մուտքերի ու ելքերի մոտ հսկիչ անցակետեր են տեղադրվել, որտեղ ՆԳՆ-ի աշխատակիցները կհսկեն 24 ժամվա ընթացքում: Իրավապահների կողմից կհսկվեն նաև գյուղի երկրորդական ճանապարհները, հսկողություն անցկացնելուն կօգնեն նաև հատուկ դրոնները:

Իրավապահները տեղի բնակչությանը տեղեկացնում են կարանտինային սահմանափակումների մասին և անհրաժեշտության դեպքում առավելագույն օգնություն ցուցաբերում:

Այսօրվա տվյալներով՝ Վրաստանում 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք: Գարդաբանիի քաղաքապետի խոսքով՝ այսօր Ղարաջալայում հաստատվել է 3 նոր դեպք: Այս պահի դրությամբ ամբողջ Գարդաբանիի մունիցիպալիտետում 41 վարակված կա:

Հիշեցնենք՝ վերջին օրերին հաստատվել է կորոնավիրուսային վարակի 20 դեպք Գարդաբանիի շրջանի երկու գյուղերում՝ Ղարաջալայում և Ղարաթակլիում: Մի քանի դեպքերում վարակի սկզբնական աղբյուրը դեռևս չի պարզվել: