Այսօր Վրաց Ուղղափառ եկեղեցու գերագույն ժողովը` սուրբ Սինոդը կորոնավիրուսի հետ կապված արտակարգ նիստ է անցկացրել` քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակը:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի արձանագրվելուց հետո սկսվեց թեժ քննարկում Ուղղափառ եկեղեցու պատարագների վերաբերյալ: Ամենաքննարկված հարցն այս թեմայի շուրջ պատարագի ժամանակ հաղորդություն վերցնելն էր, որը Վրաց Ուղղափառ եկեղեցու սովորույթի համաձայն պատարագի մասնակիցներին մատուցվում է նույն գդալով:
Այսօր մի քանի ժամ տևած ժողովից հետո Սուրբ Սինոդը որոշում է կայացրել՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հաղորդության կարգը չփոխել: Այս մասին ասվում է որոշման մեջ, որն ընդունվել է սուրբ սինոդը նիստի ժամանակ՝ Համայն Վրաց կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի գլխավորությամբ:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն և մի շարք այլ մասնագետներ բազմիցս անդրադարձել են այս թեմային և խորհուրդ են տվել պատրիարքարանին արարողակարգի ժամանակ կիրառել միանգամյա օգտագործման գդալներ, սակայն շեշտել՝ «չեն կարող խառնվել եկեղեցու գործին»:
Հիշեցնենք, որ մարտի սկզբից փակ են Վրաստանի բոլոր ուսումնական հաստատությունները, պետական գերատեսչություններն անցել են հեռավար աշխատանքի: Եկեղեցիներում ախտահանման աշխատանքներ են տարվում, չեղարկվել են հոգևոր արարողությունները՝ որոշ տաճարներում: Հատուկ ռեժիմներ են գործում կալանավայրերում, զինվորական կառույցներում:
Բանկերը 3 ամսով երկարաձգել են վարկերի մարումը, զբոսաշրջության ոլորտի հարկատուներին պետությունը 4 ամսով ազատել է հարկերից, հարկային արտոնություններ են սահմանվել մանր ու միջին բիզնեսի համար:
Վրաստանի կառավարությունը խորհուրդ է տվել փակել գեղեցկության սրահները, ժամանցի վայրերը, տոտալիզատորները, ռեստորաններն ու սրճարաններն աշխատում են միայն առաքումով:
70-ն անց քաղաքացիներին հորդորում են դուրս չգալ տներից, խուսափել մարդկանց կուտակումներից: