Ի՞նչն եմ ամենաշատը կարոտել «նախկին կյանքից
<<Միանգամայն հոգնել ենք այս հորինված համավարակից․․․>>
Շատերն իրենց ելույթը նոր կորոնավիրուսի և աշխարհում տիրող իրավիճակի մասին կսկսեին նմանատիպ մի նախաբանով։ Իսկ ես ոչ միայն ցանկանում եմ արտահայտել իմ տարբերվող կարծիքն ու փորձը, այլև վերլուծել մի քանի տեսակետներ։
«Իրականում աղետները սովորական բաներ են, բայց մարդիկ դժվարությամբ են հավատում դրանց, երբ իրենց գլխին են գալիս: Աշխարհում այնքան ժանտախտներ են եղել, որքան պատերազմներ, բայց հակառակ դրան՝ ժանտախտներն ու պատերազմները մարդկանց միշտ անպատրաստ են գտնում»
Ալբեր Կամյու
Շատերը անպատրաստ էին միայն աշխարհը տիրած վարակին, իսկ որոշ ազգեր դրանից էլ զատ, հանդիպեցին նաև պատերազմի դառը շնչին, եթե մյուսները պիտի մնային տանը և պաշտպանվեին հիվանդությունից, որոշները ստիպված եղան լքել իրենց իսկ տունը։
Եվ ամենևին էլ ժանտախտը չէր վերոնշյալ համաճարակը, այլ բոլորիս հայտնի <<Քովիդ-19>>-ը։ Ով կկարծեր, թե 21-րդ դարում, երբ մարդիկ սովորել էին գրեթե ամեն-ինչ, պիտի հայտնվեր մի վիրուս, որը կստիպեր մարդկանց պատսպարվել արտաքին աշխարհից։
Մեր կյանքն ինքնըստինքյան բաժանվեց երկու փուլի՝ կորոնավարակից առաջ և հետո։ Ակամայից կարելի է հիշել մեծ սառցապատումն ու դինոզավրերի էվոլյուցիան` <<Կենդանի է մնում նա՝ ով կարողանում է հարմարվել նոր միջավայրին>>։ Մենք կարողացանք հարմարվել, և ավելին` անգամ կատարելագործվել այդ միջավայրում։ Նրանք ովքեր կարծեցին թե աշխարհը փուլ է եկել, նրանք մնացին իրենց տեղում, իսկ հնարամիտները գտան թերությունը առավելության վերածելու միջոցը։
<<Եթե նստես ու անդադար երանի տաս անցյալիդ, չես նկատի, թե ինչպես է շրջվում կյանքիդ օղակը>>։
—Իսկ ի ՞նչ է, դու չե ՞ս կարոտել նախկին կյանքին,—կասեին շատերը համոզված լինելով որ միանգամայն <<առաջ ուրիշ էր>>։ Իսկ գուցե ժամանակն է դադարել երանի տալ, կարոտել անցյալը, ես կգերադասեի անցկացնել համեմատական երեկի և այսօրվա միջև, քան թե դատարկ հառաչանքով փորձել շտկել իրավիճակը։
Այսօր շատերն են կարծում թե վարակն ազդեց մարդկային բնական փոխհարաբերությունների վրա, թեև նախկինում ևս մարդիկ զբաղված էին իրենց անվերջանալի գործերով։ Բնականաբար, այս մեծ աշխարում մարդու ամենազգալի դեֆիցիտը ժամանակի պակասությունն է, իսկ պանդեմիայի պայմաններում նա սովորեց իր ժամանակը տրամադրել նախ և առաջ ինքն իրեն, վերջինս անցկացնել ի շահ իր անձի ու նպատակների։ Մի ժամանակահատված փորձեց աշխատանքն ու կարիերան դնել կողքի և ուշադրության նշույլներով հագեցնել այն քաղցը, որը կուտակվել էր առ ընտանիք եւ հարազատներ։
<<Առողջությունը չեն գնահատում, քանի չի գալիս հիվանդությունը։>>
Թոմաս Ֆուլլեր
Եվ այո, նախկին կյանքը մեզ սովորեցրեց նաև գնահատել մեր կարևոր արժեքները, ինչը չէինք կարող սովորել գրքերում կարդալով աշխարհը ցնցած վիրուսների մասին։ Մարդկային բնավորություններից ամենակատարյալն է՝ անգամ ամենադժոխային իրադրությունում գտնել լավի նշույլներ և սևեռվել դրանց վրա։
Հիշում եմ, թե ինչ տոն ու խնդություն էր տիրում Ախալքալաքում, երբ ժամանակավորապես արգելված էր ավտոմոբիլային երթևեկությունը, դուրս գալով փողոց կարելի էր տեսնել զարդարած ձիեր հեծնած երիտասարդներից մինչև հեծանվորդ տարեցների, այս ամենն ուղղորդված մանուկների ուրախ ճիչով։
Ընթերցելով այս ամենը կարելի է ենթադրել, թե ամբողջությամբ հակասում եմ խորագրին և նախկին կյանքից ոչինչ չեմ կարոտել։ Սակայն բացարձակ պարադոքսներ գոյություն չունեն։ Իմ դեպքում կառանձնացնեի մարդաշատ գիշերային աղմուկը, որը կենդանություն էր պարգևում մռայլ ու աղոտ քաղաքներին և գյուղերին, միջոցառումներն ու հասարակական ծիսակարգերն առանց որևէ սահմնափակումների, բակում զբոսնող առանց դիմակի մարդկանց, ջերմ գրկախառնություններն ու անմիջական ժպիտները։
Անխոս, այս ամենը կարելի է անվերջ նկարագրել և գովերգել ամենաշքեղ բառերով, բայց նախքան քեզ հարցնելը թե ինչն ես կարոտում նախկին կյանքում, փորձիր պատասխանել հետևյալ հարցին՝ <<Իսկ ի ՞նչ ուղղությամբ կընթանար քո կյանքի պատմության անիվը, եթե չլիներ համավարակը>> ։
Տաթև Խոցանյան
Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: