Կորոնավիրուսային պատումներ. Կորոնավիրուսն ու մենք

Մինչ կորոնավիրուսի վատ կողմերին անդրադառնալս, կխոսեմ նրա  կողմից տված լավագույնի մասին։ Ինչու լավագույնի մասին, քանի որ վատ կողմերը, բոլորին հայտնի է արդեն։ Ես կխոսեմ լավագույն կողմի մասին , քանի որ Կորոնավիրուսի մեջ լավը տեսնելը  մի քիչ անհեթեթ է թվում, բայց արժանի է բարձրաձայնելու, որովհետև սա ևս մեկ հնարավորություն է կյանքին նայել այլ տեսանկյունից։ Լավագույն կողմին անդրադառնալիս  շարադրությունս ընթերցողին հույսով կլցնեմ, որ  նրա նպատակներին հասնելու ճանապարհին Կորոնավիրուսը չի կարող դառնալ խանգարող միջոց, այլ ընդհակառակը։ Պայքարը միշտ իմաստ ունի հատկապես այսպիսի ճգնաժամային պահերին։ 

Կորոնավիրուսի  հետ առեղծվածային հանդիպմանը՝ ինչ խոսք պատրաստ չէինք։ Անսպասելի եկավ, անսպասելի ու անկոչ հյուրի նման,  որը ստիպեց արագ կողմնորոշվել ու հյուրասիրել հյուրին՝  ինչպես հարկն է, այն էլ մեզ նման հյուրասեր ազգի համար։ Ինչպես եկավ, այդպես էլ կգնա, թողնելով իր խոսքը կիսատ․ այդ խոսքը մեզնից է կախված ինչպես կշարունակենք․․․

Կորոնավիրուսի դասերը հեռավար կերպով չենք անցնում, այլ սեփական հոգով ու մտքով ենք զգում։ Այսպիսով, կհրավիրեմ մեր Հարգելի Կորոնավիրուսի դասերին անխտիր մասնակցել ու դաս քաղել այս ամենից։

Դաս առաջին․․․ Ժամանակի ճիշտ կառավարում

Կորոնավիրուսը բոլորիս ապացուցեց , որ մենք սխալ ենք հասկանամ <<Ժամանակ>> բառի նշանակությունը ու սխալ կիրառում՝ մեր առօրյա կյանքում։ Մեզ թվում է թե դեռ ահագին ժամանակ ունենք մեր երազանքներին հասնելու, այնինչ  պարզվեց` մեր կյանքը շատ կարճ է, որ տեղ տանք <<հետոյին>>։ Սրանից հետո պետք է ապրել մեկ օրվա կյանքով, որովհետև ժամանակն է դա թելադրում մեզ։ Ժամանակն առավելագույն արդյունավետությամբ օգտագործել։

Դաս երկրորդ․․․ Մարդկային հարաբերությունների հղկում

Նա սովորեցրեց, որ մարդկանցից հեռանալ պետք չէ, քանի որ առանց նրանց` այդքան բաղձալի ու երազելի  հանգիստ կյանքը մեզ պետք չէ։ Մարդիկ առանց մարդկանց ոչնչի պետք չեն։ Մինչդեռ մարդը, որը ցանկանում էր աշխարհից հեռանալ՝ մնալ մեն-մենակ, պետք է սկսի  խոսել մարդկանց հետ, պետք է պարի այնքան մինչև գլխապտույտ չառաջանա նրա մոտ, պետք է երգի, իր ձայնը հասանելի դարձնի բոլորին։ Չփակվի մարդկանցից, ավելի ու ավելի բաց լինի մարդկության ու հասարակության հանդեպ։ Սա է  մարդկության առկայության միակ փրկությունը։

Դաս երրորդ․․․ Գնահատել բնությանն ու օգնել նրան

Կորոնավիրուսը մարդկությանը սովորեցնում է գնահատել բնությունն ու նրա տված բարիքները։ Մենք այսօր դիմակներով ենք քայլում նրանից պաշտպանվելու համար, չգիտակցելով, որ մենք այնքան ենք կեղտոտել բնությունը, որ նա մեզանից հրաժարվում է, հրաժարվում է մեզանից, չի ցանկանում նորից  ու նորից պաշտպանել մեզ, քանի որ գնահատված չի զգում իրեն։ Մենք կառչում ենք նրանից` նորից օգնության միտումով, բայց ինձ թվում է այս անգամ նա սպասում է  նույնը, ինչ ինքն տալիս է դարերով։ Պաշտպանիր բնությունը և  բնությունը նորից կսատարի քեզ։

Չգիտեմ բախտ կունենաք մի օր գյուղական համայնքում լինել, որ լսեք ինչ առասպելներ ու լեգենդներ են հորինում գյուղական կյանքին քաջածանոթ ու հասակակից մարդիկ։ Ովքեր կարծում են՝ այնքան խելացի են, որ քաղաքական գաղտնիքներ են բացահայտում։ 

Սկզբից սկսեցին գյուղում ապրող  մարդիկ սպասել ամռանը, իսկ հետո ձմռանը, քանի որ նրանց կարծիքով վիրուսին կսպաներ մեր Ջավախքի ցուրտ ձմեռը, իսկ ամռանը արդեն ինքնին կվերանար այդ զզվելի վիրուսը։ 

«Ուրդից էկավ իսի չուման ձաք ջան, դու գիտենաս կը, ինտեռվիու – մինտեռվիու կենես ադոր մասին», — այսպիսի հարցերով էին դիմում ինձ ու սպասում՝ ակնկալելով կպատասխանեմ, որ շատ շուտով կվերջանա  այս ամենը և որ քաղաքական խաղերին է տրվել ամբողջ աշխարհը։ Չստանալով ցանկալի պատասխան իրենք էին շարունակում. «Սաղ այդի Ամերկան ու Ռուսաստանն են մեղավոր,  կամա  Չինաստան-Ճապոնիան, իրենց ինչ կա լիքն են, մեռնինա չեն պակսե, մեզնեն ինչ կուզեն , որ ցավերը ցկին ջաներս»։  

Հետո ուտող-խմող Ջավախքցիները  բացահայտեցին, որ տնական օղին լավ էլ օգնում է վիրուսին հաղթահարելու  գործում  և սկսեցին` քեֆ, ուտել, խմել արարողությունները։ Մարդիկ, եթե շատ չչափազանցնեմ, լողանում էին սպիրտով ու օղիով։ Դրանից հետո ամեն առավոտ մարդիկ օրհնում էին իրենց բաժին հացն ու օղիով շնորհակալություն հայտնում։ Իսկ իրականում փորձում էին պաշտպանվել ու միաժամանակ  բոլորին համոզել, որ վիրուսը  իրականում գոյություն չունի, որ խաբում են բոլորին։

Մոռացա նշել սխտորի կարևորության մասին, ճիշտ է այս դեպքում դիմակ կրելը միակ խելամիտ որոշումն էր, սխտորի բույրից ազատվելու միակ միջոցը, ինչը պետությունը շատ լավ հաշվի էր առել։

Կորոնավիրուսը իր բերած բարիքներով շատ լավ տարի էր, շատ բան կշռադատեցինք, վերհիշեցինք ինքներս մեզ, փոխեցինք մեր մտածելակերպը կյանքի վերաբերյալ։ Ամենաարդյունավետ տարին  էր,  քանի որ շատ մեծ հաջողություններ եմ գրանցել այս ժամանակահատվածում։ Մինչ մյուսների համար սա անտանելի վատ տարի էր, ինձ համար հակառակը։ Սովորեցի ճիշտ օգտագործել  ժամանակը և ճիշտ մարդկանց հետ։ Ավելի կարևորեցի մարդկանց հարաբերությունների իմ տեսակետը և հղկեցի, ինչ ուզում էի , որ փոխվեր, փոխեցի։

Միակ ու վերջնական դասը, որը միշտ արդիական կմնա՝ «Եթե ինչ- որ բան ուզում ես փոխել՝ սկսիր քեզնից»։ 

Մարիաննա Կարապետյան24 տարեկան,

Նինոծմինդայի շրջան, գյուղ Ջիգրաշեն

 

Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: