Ահա թե ինչ է նշանակում կարոտ:
Կարոտն այն զգացողությունն է, երբ մենք երկար մտածում ենք սիրելի մարդկանց կամ իրերի մասին: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե կգա մի գեղեցիկ օր, երբ մոլորակը լուռ ու հանգիստ կլինի, ասես քնած է…
Շատ դժվար է, երբ պլանավորված շատ գործեր ունես, և, հանկարծ հայտնվում ես տնային կալանքի տակ: Ես ապրում եմ գյուղում, և այստեղ լռությունն անտանելի և ծանր է. չեմ էլ ուզում պատկերացնել, թե ի՞նչ են զգում քաղաքում ապրող մարդիկ. պատկերացրեք, կարելի՞ է ապրել միայն պատուհանը բացելով ու այնտեղից օդ շնչելով….
Սահմանափակումների հետևանքով առաջացած այս համաշխարհային լռությունը մարդկանց սովորեցրեց գնահատել իրար, անգամ օտարներին ու թշնամիներին:
Լռությունն ինձ սովորեցրեց, որ պետք է գնահատել ազատ ժամանակը, և այն անցկացնել հաճույքով, քանի որ ո՞վ գիտի, թե ինչ կլինի վաղը …
Այս վարակը չհարցրեց ո՛չ տարիք, ո՛չ բարեկամ, ո՛չ թշնամի… Ոչի՛նչ….
Մենք կորցրինք հարազատ մարդկանց, բայց նույնիսկ այն ժամանակ մենք չկարողացանք ցավակից լինել մեկ-մեկու:
Եվ նույնիսկ պատկերացնելն անհնար է, թե ինչ ցավալի է այն հանգամանքը, երբ հրաժեշտ տալ անգամ չես կարող, երբ ներկա չես ամենահարազատ մարդու ուրախությանը թե՞ տխրությանը:
Ինչո՞վ արդարացնել այս ամենը: Կա՞ արդյոք արդարություն: Իմ կարծիքով ո՛չ:
Եվ ի՞նչը կարող է արդարացնել սահմանափակումը ծնողների, հարազատների, ուսուցիչների ու դասընկերների հետ:
Երևի թե միակ լավն այն է, որ այսքան դադարներից հետո մոլորակը կարող է մաքուր օդ շնչել, և վերականգնել իր բնականոն աշխատանքը:
Լռությունն ինձ սովորեցրեց, որ մենք պետք է գնահատենք աշխարհը, կյանքը, քանզի մարդիկ արևը միայն խավարման ժամանակ են նկատում…
Եվ վերջապես ուզում եմ ավարտել գրելս ու լռել, քանի որ լռությունն ավելի խոսուն է, քան բառերը …
Թամարա Սարգսյան,
Մառնեուլի շրջան, գ. Դամիա
Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: