Կորոնավիրուսային պատումներ. Ինձ փոխեց համավարակը

Բարև․․․ Ես Ժաննան եմ, 18 տարեկան, հնարավոր է երբ սա կարդաք՝ արդեն 19-ը, չգիտեմ։ Լավ, չշեղվեմ թեմայից, ես ուսանող եմ, ով նախքան համավարակը դեռ աշակերտի կարգավիճակում էր գտնվում։ Ես 12-րդ դասարանի աշակերտուհի էի, երբ սկսվեց այն, ինչը մինչ օրս չի վերջացել։  Մենք պատրաստվում էինք վերջին զանգին, երբ մեզ արձակեցին` պատճառաբանելով, որ այդ արձակուրդը մարտի 8-ի կապակցությամբ է։ Մարտի 1, սա այն օրն էր, երբ մենք վերջին անգամ դպրոց գնացինք որպես աշակերտներ, մեզ հնարավորություն չտրվեց ունենալ ոչ՛ վերջին զանգ, ոչ՛ վերջին դաս և ո՛չ էլ հնարավորություն հրաժեշտի խոսք ասելու ուսուցիչներին ու մեր դպրոցին։  Սա դպրոցից մնացած մեր ամենաանմոռանալի դասն էր, մեզ միշտ «չավարտած» զգալու համար․․․Հետո սկսվեց կյանքի մի նոր փուլ, պետք է պատրաստվեինք նոր կյանքին, մասնավորապես՝ ուսանողությանը։ Սահմանափակումների պատճառով քննություններին պատրաստվում էինք տանը, ինքնուրույն, առանց մասնագետների օգնության։ Այս ամենի հետ մեկտեղ ես պայքարում էի նաև այլ համալսարանում սովորելու համար։ Արդյունքը եղավ այն, որ ինձ այս երկու համալսարաններում անվճար սովորելու հնարավորություն տրվեց։ Եթե համավարակը չլիներ, միգուցե ես չունենայի անել այն, ինչ արեցի այդ ընթացքում։ Կարանտին, սա մի շրջան էր, որի ընթացքում, օրվա մեծ մասը մենակ էի անցկացնում ու ավելի շատ ժամանակ էի տրամադրում ինձ, իմ ցանկություններին ու նրան, թե ինչի եմ ուզում հասնել։ Սա լավ հնարավորություն էր գնահատելու համար կյանքը, ազատությունը, մարդկանց, որոնց այդ ընթացքում նույնիսկ գրկելու իրավունք չունեինք։ Հատկանշական է այն, որ ես նույնպես եղա այն մարդկանցից, ով վարակի պատճառով կորցրեց իր համար շատ հարազատ մարդկանց։ Այդ դեպքերից ամիսներ անց ես նույնպես վարակակիր էի։ Ինձ համար չէ, բայց ինձ շրջապատող մարդկանց համար շատ էի վախենում։ Ամենահեռու տեղը, որ գնում էի՝ պատշգամբն էր։  Հետո սկսվեց մեր «Օնլայն ուսանողական կյանքը», որը մինչ օրս հեռավար է։ Ես իմ համալսարանի գտնվելու վայրը չգիտեմ, մի քանի անգամ դրսից տեսել էի, բայց հիմա էլի մոռացել եմ, կներեք։  Հիմա ZOOM հարթակը համարվում է մեր լսարանը։ Դասախոսս կատակով ասում է՝ «Եթե ձեզ մի օր տեսնեմ, չեմ ճանաչի, բայց երբ սկսեք խոսել՝ ձայնից կճանաչեմ»։  Մի քանի ամիս շարունակվող հեռավար դասերից հետո կուրսեցիներիս հետ որոշեցինք հանդիպել Թբիլիսիում։

Հիմա սահմանափակումները համեմատաբար ավելի քիչ են, բայց կյանքն էլ առաջվանը չէ։ Համավարակը մեկ տարվանից ավել է, ինչ մեզ հետ է ու չգիտենք կգա մի օր, որ այս ամենը կավարտվի, որ վերադառնանք հին ու հանգիստ կյանքին։ Ես շատ եմ կարոտում մարդաշատ ուրախ միջոցառումները, հավաքույթները ու ընկերներիս, որոնց հետ ուշ-ուշ ենք հանդիպում։ Համավարակից հետո, առաջնահերթ պլանավորում եմ մի նախագիծ իրականացնել: Ի դեպ, այս նախագծի գաղափարը, նույնպես առաջացել է ինքնամեկուսացման ընթացքում։

Ժաննա Չոգանդարյան18 տարեկան

ք․Ախալքալաք

Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: