Ասում են. «Պետք է ապրել ներկայով և մտածել ապագայի մասին՝ մի կողմ թողնելով անցյալը», բայց թագավարակը ստիպեց հակառակ պնդումն ունենալ։ Բոլորս թագավարակի շնորհիվ հասկացանք, որ մեր անցյալն ամենամեծ և ճշգրիտ կյանքն է։ Չէ՞ որ այն արդեն իրապես եղածն է, և խստորեն մեզ կրթածը, այլ ոչ թե պատրանք` ինչպես ապագան։ Մենք հենց անցյալի շնորհիվ ենք ապրում։ Մեկս` գտած երջանկության, մյուսս` քաղած դասերի, իսկ հաջորդը….հաջորդն էլ մեկ այլ հիմքի ….
Անցյալ և «նախկին կյանք» հոմանիշներ են, թեև որոշ չափով էլ տարբերվող։ Հարցնում են` ի՞նչն եմ ամենաշատը կարոտել «նախկին կյանքից»։ Գուցե տարիներ առաջ կպատասխանեի, թե հենց նախկին կյանքս եմ կարոտել կամ ոչինչ չեմ կարոտել, բայց հիմա պատասխանս ավելի քան այլ է։Ես կարոտել եմ «նախկին կյանք»- ից միայն «կյանքը»։
Մինչև անկոչ թագավարակի հյուրընկալումը մեր Երկիր, մենք բոլորս ապրում էինք….ապրում բայց և չէինք գնահատում ոչինչ ու ոչ մեկին, սակայն երբ սկսվեց թագավարակը և նրա ծանր հետևանքները աշխարհի մեծ մասը ազատազրկվեց։ Իսկ մարդուն ե՞րբ են պատժում և ազատազրկում … Երբ սխալ (հանցանք) է գործում։ Հիմա էլ թագավարակի պատճառով մեր ազատազրկումն իր հիմքն ուներ։ Մենք անազնիվ ապրելով և չգնահատելով ունեցածը` զրկվեցինք անգամ նրան գեթ մեկ հայացք գցելուն։ Դա կյանքի գլխավոր հանցանքներից մեկն է` ամեն ինչ ունենալ և չարժևորել։ Այսպես և բոլորս հանցագործ կյանք էինք վարում մինչև թագավարակի ի լույս գալը, բայց հետո մեր անկոչ հյուրի կատարած քայլերի պատճառով սկսեցինք դանդաղորեն փոխել մեր մտածելակերպը` գնահատել ունեցածը, որը մի ժամանակ ոչինչ էր ըստ մեզ։ Կյանքն անցնում էր, բայց քարացել էր ժամանակը, իսկ նրա հետ քարացավ մեր կյանքը` զրկվեցինք ազատ տնից դուրս գալուց և արևի ջերմությունը վայելելուց, զրկվեցինք քամու մեղմ շոյանքից և աշխարհի պարզությունը տեսնելուց, զրկվեցինք նույնիսկ այն մարդկանց տեսնելուց, ումով ապրում էինք և ի վերջո զրկվեցինք նաև օդից։ Հատուկենտ օրերին էլ տնից դուրս գալուց դիմակների հոսքի էինք հանդիպում և չէինք ճանաչում նրան, ում հետ սուրճի մի բաժակն էինք կիսել ու ժամերով զրուցել։ Բոլորը միանման էին`մեկն էին։ Հազարավոր մարդիկ մեր օդը դարձան քանի որ թագավարակը մեզնից խլեց նրանց։ Վիրուսի ծանր լծի տակ թեթևացել է աշխարհը ….Ես կարոտել եմ մեր լի աշխարհը։
Արդեն իսկ բարդ կյանքում էլ ավելի բարդ էր ապրելը….Շնչել ագահորեն այն ինչ օդն անչափելի է և անմահ: Ողջ ուժով կլանում էինք օդի հնարավորինս մեծ չափաբաժին, որ կարողանանք գոյատևել, թե՛ նոր դիմակի տակ, և, թե՛ 4 ( չորս) պատի ներսում փակված: Կյանքն անցնում էր մեր կողքով և քմծիծաղ տալիս՝ ցույց տալով ինչքան զորեղ է ինքը հենց «զորեղ» մարդուց: Համաճարակը ըստ իս թողեց, և՛ դրականը, և՛ բացասականը յուրաքանչյուր մարդու կյանքում: Դրականը՝ դա գնահատել սովորեցնելն էր, և կյանքի հանդեպ թերահավատորեն չվերաբերվելը, դրական և գովելի դարձավ ինձ համար նաև այն, որ հիմա Երկիրը հնարավորություն ունի հանգստանալ մարդկանց գիշերային խրախճանքներից, իսկ բացասականը՝ դա հասկանալն էր այսքան ծանր դասի միջոցով:
Եվ դա մի դաս էր որից ոչ-ոք չկարողացավ փախչել….Պանդեմիան հրաշալի ուսուցիչ դարձավ ողջ աշխարհի համար և արտասովոր ոճով բացատրեց, թե ինչն է կյանքում կարևոր և հանուն ինչի պետք է ապրել։
Լուսինե Արզումանյան, 19 տարեկան
Մառնեուլի շրջան, գյուղ Խոժոռնի
Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: