COVID-19-ը կորոնավիրուսների նոր շտամ է, որը կարելի է ասել տարածվեց կայծակնային արագությամբ: Մի վարակովի հիվանդություն, որը փոխեց ոչ միայն իմ, այլ ամբողջ աշխարհի մարդկանց կյանքը: Սկզբում ես չէի էլ մտածում, որ այս հիվանդությունը մեզ մոտ կհասնի Չինաստանից, և ես ինձ ապահով էի զգում այս կողմից, իսկ մի կողմից էլ անհավատ էի ու չէի հավատում ինչպես հիվանդության գոյությանը, այնպես էլ նրա հզորությանը։ Ինձ համար ամեն օրը սկսվում ու ավարտվում էր նույն կերպ, բացի դասերից ու քննություններից այլ հետաքրքրություն կարծես թե չկար: Եվ ո ՛չ մի հարց, ո ՛չ մի խնդիր և անգամ ինչ-որ համաշխարհային խառնաշփոթ չկար, որը կկարողանար շեղել ինձ առօրյայից, բայց եկավ ու հասավ մեր երկիր, եկավ ու պահը կանգ առավ՝ երկար ժամանակով:
Համաճարակը փոխեց գրեթե 200 երկրների քաղաքացիական օրենսգիրքը։ Մեզ մնաց ընդամենը մի բան՝ կարոտել… Ես սկսեցի կարոտել իմ նախկին կյանքը․ ինչպե՞ս էի ապրում համաճարակից առաջ, ինչի՞ց էի ես ամենաշատը դժգոհում, ի՞նչն էր ինձ համար ամենաբարդը և անհասկանալին, ո՞րն է իմ ամենամեծ մտահոգությունը: Սա կարծես իմ կյանքում երբևէ բաց թողած ամենակարևոր դասախոսություններից մեկը էր: Մեկը, որը պետք է ուսուցաներ միմյանց հանդեպ լինել հոգատար, գնահատել շրջապատի ներկայությունը, հասկանալ մարդկանց տխրությունը, երջանկությունը և հարկ եղած դեպքում էլ կիսել այն, գնահատել ընկերների հետ անցկացրած օրերն ու հիանալի պահերը և վերջապես գնահատել Աստծո կողմից տրված այն հիանալի բնությունը, որին մենք անփութորեն, անխնա վնասում ենք:
Կարոտում եմ իմ չստացված և ստացված բոլոր օրերը: Ափսոսանքով հիշում եմ՝ ինչ գեղեցիկ հանդիպումներ եմ բաց թողել՝ համարելով դրանք անտեղի ու անիմաստ: Հիշում եմ՝ ինչպես էին ընկերուհիներս ինձ համոզում, որ գնամ իրենց հետ զբոսնելու, որ դրսում հիանալի եղանակ է, իսկ ես մերժում էի ու նախատում նրանց՝ անիմաստ ժամանակը վատնելու համար, որ հիմա սովորելու ու աշխատելու ժամանակ է: Հիմա, երբ մենք բոլորս փակված ենք մեր տներում, երբ չկա ընկերների հետ հավաքվելու, միմյանց գրկելու, անկեղծ միմյանց աչքերին նայելով զրուցելու հնարավորություն, ես կարոտում և ափսոսում եմ, որ ամենակարևոր ու գեղեցիկ պահերը բաց եմ թողել: Կարոտում եմ բոլոր արևոտ ու անձրևոտ օրերը, էլ չեմ թրջվում անսպասելի եկող անձրևի տակ ու չեմ այրվում արևի կիզիչ շողերից, քանի որ դրա հնարավորությունն էլ այսօր արգելված է: Իհարկե, այս բոլոր սահմանափակումներն ունեն իրենց բացատրությունը, քանի որ դա արվում է մեր կյանքի, մեր առողջության համար:
Եվ ինչպես Սոկրատեսն էր ասում. «Առողջությունը ամեն ինչ չէ, բայց առանց առողջության ամեն ինչ ոչինչ է»: Ես նույնպես համաձայն եմ նրա խոսքերի հետ, քանի որ առանց առողջության ամեն ինչ կորցնում է իր արժեքը: Դժվար է ընտելանալ ներկային, քանի որ շատ բաներ անհասանելի են դարձել ոչ միայն ինձ, այլ նաև շատ մարդկանց: Միակ տարբերակը, որ մեզ մնում է, ներկան ու անցյալը համեմատելն է: Ե՞րբ է լավ՝ հիմա՞, թե՞ առաջ։ Ես իհարկե ընտրում եմ անցյալը․ այն ժամանակ ես մտածում էի իմ ապագայի և ներկայի մասին՝ առանց կորոնավիրուսի։ Բայց կարոտիս ամենամեծ մասը բաժին է ընկնում չիրականացված գաղափարներիս՝ դեռևս չիրականացված, քանի որ համաճարակի վերջը մոտ է։
Էթերա Աբելյան, 20 տարեկան
Ախալքալաք, Կաջո
Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: