Մի քանի տարի առաջ մեզնից ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ մեր կյանքը կփոխվի այսքան արագ։ Հավանաբար, աշխարհը երբեք չէր պատկերացնի, որ մի օր ստիպված կլինի փակվել տանն ու անորոշության մեջ պայքարել՝ նորից կյանք վերադառնալու համար։
2020 թվականին սկսվեց կորոնավիրուսը, մարդիկ մեկուսացան իրարից, այն ստիպեց դադարեցնել թռիչքները, ճանապարհորդությունները, մեզ փակեց տանը, զրկեց մեզ ազատությունից, բերեց մահ ու հիվանդություն։ Ազատությունն ու առողջությունը մի ընդհանուր բան ունեն․ նրանց, իրավամբ, գնահատում են միայն այն ժամանակ, երբ նրանք չեն հերիքում։
Այս ժամանակահատվածը հավերժ կմնա մեր հիշողության մեջ նաև իր տված դասերով։ Համաճարակը սովորեցրեց մեզ գնահատել կյանքը, առողջությունը, այն կրթությունը, որը ստանում էինք դպրոցում, արժևորել շփումը մարդկանց հետ, բացահայտել ինքներս մեզ, լինել տոլերանտ։
Համաճարակն ինձ սովորեցրեց գնահատել այն, ինչն ամենակարևորն է կյանքում` ընտանիքս, ընկերներս, կրթությունը, առողջությունը։ Առանց այս ամենին մեր կյանքը կլիներ ձանձրալի և միապաղաղ, և մենք չէինք գնահատում, քանի որ չէինք պատկերացնում, որ ամեն ինչ շատ արագ կարող է փոխվել։
Նախքան համընդհանուր մեկուսացումը, տանը մնալն ինձ համար անհնարին էր թվում, բայց ժամանակը ցույց տվեց հակառակը։ Երկար ժամանակ տանն անցկացնելով՝ ես ունեցա հնարավորություն ձեռք բերել նորանոր գիտելիքներ, կարդալ գրքեր, որոնք երկար ժամանակ ուզում էի կարդալ, բացահայտել ինքս ինձ։ Կարանտինում տարբեր լեզուներով գրքեր կարդալն օգնեց ինձ և՛ բարելավել գիտելիքներս, և՛ զարգացնել մտածելակերպս։ Սկսեցի սովորել պատրաստել տարբեր տեսակի ուտեստներ և բացահայտեցի, որ խոհարարությունն ինձ մոտ այդքան էլ վատ չի ստացվում։
Իրավիճակը ստիպեց հասկանալ, որ մենք բոլորս հավասար ենք անկախ կրոնի պատկանելիությունից, մաշկի գույնից, մշակույթից, սոցիալական վիճակից, պաշտոնից։ Առողջությունը երբեք չի կարող կորցնել իր արժեքը մարդու աչքերում, քանի որ բավականության և ճոխության մեջ առանց առողջության ապրելն անիմաստ է։
Ինչպես ասում են՝ կրթությունն է այն ամենահզոր զենքը, որով հնարավոր է փոխել աշխարհը։ Կորոնավիրուսի ժամանակ ուսուցումը շարունակվեց ոչ սովորական ձևով և դպրոցից հեռու, մենք շարունակեցինք ուսումը առցանց։ Առցանց ուսուցման առաջին օրերն այսպիսին էին՝ զարմանալի, հետաքրքիր, բայց ես շատ արագ զգացի տարբերությունը, կարոտեցի իրական շփմանը և դպրոցին։ Առավոտյան դպրոց վազելու փոխարեն վազում էի համակարգչի մոտ, գրքերս դնում մի կողմում, թեյս՝ մյուս։ Դասերի ընթացքում խառնաշփոթ չէր ստեղծվում և միմյանց լսելու ունակությունը էլ ավելի զարգացավ։ Իհարկե, իրական շփումից թանկ ու արդյունավետ ոչինչ չի կարող լինել և ես հուսով եմ էլ երբեք նման խնդրի առաջ չենք կանգնի։
Մենք երբեք չէինք զգացել այն, ինչ այսօր ենք զգում, որովհետև երբեք այսպես չէինք պայքարել հանուն կյանքի շարունակության։ Ու մինչև մենք փակված ենք տանն ու սպասում ենք նորից կյանք վերադառնալուն, բնությունը վայելում է մարդու բացակայությունը։ Մեզանից քանի՞սն է հարց տվել՝ ինչ է զգում բնությունը մեր անմարդկային ու անպատասխանատու վարքագծից։ Անխնա ոչնչացնում ու կործանում էինք մի բան, առանց որի կյանքը անիմաստ է դառնում։ Մենք ոչնչացնում էինք մեր գեղեցիկ բնությունը, մեր շրջակա միջավայրը։ Բնությունը հանգստացավ մեզնից։
Այն, ինչ այսօր տեսնում ենք, գոյության պայքար է, որտեղ մեզնից յուրաքանչյուրը ձգտում է հաղթանակած դուրս գալ։ Շատերը, իսկապես, կհաղթահարեն այս ամենը, բայց շատերն անմեղ զոհեր են, ովքեր չկարողացան պայքարել այս հիվանդության դեմ, նրանց անզոր եղան հաղթել մահին։
Ես «նախկին կյանքից» կարոտել եմ ամեն ինչ։ Կարոտել եմ իրական շփմանը՝ երբ չէինք վախենում վարակվելուց, իրական կրթությանը, առանց դիմակ զբոսնելը, հավաքույթները։ Ճիշտ են ասում՝ մինչև չենք կորցնում, չենք հասկանում դրա իրական արժեքը։ Բայց ես հուսով եմ ամեն ինչ շուտով կլինի առաջվանը։ Մեզ մնում է կանգ չառնել, աշխատել ու մտածել, ստեղծագործել ու սովորել՝ այդպիսով ապահովելով կյանքի շարունակական ընթացքը, բարձրացնելով դրա որակը՝ ձեռք բերած ու զարգացրած հմտությունների շնորհիվ, և այս ամեն ինչի միջոցով դնել այն օրվա հիմնաքարը, երբ մենք կրկին միմյանց հետ կշփվենք առանց ֆիզիկական սահմանափակումների, երբ կրկին կքայլենք միասին մարդաշատ փողոցներով և կվայելենք միմյանց ներկայությունը։
Քաոսի մեջ միշտ էլ կա հույսի կտոր։ Եկե՛ք տեսնենք լույսը ամեն իրավիճակում, մտածենք միայն լավի մասին և լինենք լավատես։
Եվգինե Ղարսլյան, 17տարեկան
Սամցխե Ջավախեթի, ք․ Նինոծմինդա
Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: