Կորոնավիրուսի պանդեմիան տակնուվրա արեց ամբողջ աշխարհի բնականոն կյանքը։ 2020 թվականին, ինչպես աշխարհի մի շարք երկրներ, այնպես էլ Վրաստանը Covid-19 կոչված վարակի տարածման հետևանքով ստիպված եղավ մի շարք սահմանափակումներ մտցնել առօրյա կյանքում, որոնցից որոշները մինչ օրս պահպանվում են։ 2020 թվականի մարտի 1- ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը այնքան բարդ էր, որ Վրաստանի վարչապետի որոշմամբ փակվեցին Վրաստանի բոլոր դպրոցները, իսկ դասընթացները վերածվեցին հեռավար համակարգի:
Մենք սովորականի պես հաճախում էինք դպրոց, երբ սկսվեցին գարնանային արձակուրդները: Արձակուրդների ավարտին մոտ իմացանք, որ երկրում այնքան է տարածվել կորոնավիրուսը, որ պետք է սկսենք դպրոց հաճախել TEAMs -ով:
Հենց սկզբից ոչ միայն ես, նույնիսկ իմ ուսուցիչները դժվարացան ծրագիրը բացել: Շատ դժվար էր հատկապես իմ դասընկերներից ոմանց համար, ովքեր համակարգիչ չունեին և ստիպված էին հեռախոսի միջոցով միանալ դասին: Հետզհետե սովորեցինք՝ թե՛ ինչպես մտնենք դասի, և թե՛ ինչպես ուղարկենք տնայինները։ Կիսամյակի մեծ մասը, մինչև ամառային արձակուրդները օնլայն դասեր էինք անում, որոնք շատ -շատ վատ ազդեցություն թողեցին ինձ վրա։ Առաջին անգամ օնլայն դասից հիշողությունս այն է, որ չէինք լսում ուսուցիչների ձայնը, իսկ նրանք չէին լսում մեր ձայները։ Մի բան կասեմ՝ էլ երբեք չեմ ցանկանա դասերը հեռավար դառնան։
Հեռավար դասընթացները իմ կարծիքով ոչ մի դրական կողմ չունեին։ Դասաժամերն ընդամենը տևում էին 20 րոպե։ Եվ դա բավական չէր որպեսզի աշակերտները լիովին հասկանային դասը և տնային առաջադրանքը։ Հեռավար դասերը ունեն շատ բացասական կողմեր, դրանցից յուրաքանչյուրը վատ ազդեցություն է թողնում աշակերտների վրա։ Մենք 20 րոպեի ընթացքում միայն հասցնում էինք դաս պատմել և տնայինները ստուգել, անգամ ժամանակ չէր մնում, որ ուսուցիչը նոր դաս հանձնարարեր։
Հիշում եմ` շատ հաճախ այդ շրջանում գյուղում անջատվում էր հոսանքը, ստիպված էի լինում բացակայել դասից, ինչի հետևանքով ոչ միայն դժվարանում էի հաջորդ թեման հասկանալ, այլ նաև կորցնում ակտիվությունս:
Հիշում եմ, երբ մի անգամ պատմություն առարկայից պետք է ստուգողական աշխատանք գրեինք, հանկարծ ծրագիրն անջատվեց, և ես նկատեցի որ համացանցը անջատել են, ես այդ ժամանակ չկարողացա միանալ դասին և չգրեցի ստուգողականս, դասընկերներս բոլորը գրել էին:
Առաջին դասից սկսած մինչև վերջինը, կասեմ, որ գրեթե մի տարի կորցրել եմ ստիպված լինելով սովորել նվազագույնը, երբ նույնը դպրոց հաճախելու դեպքում կսովորեի շատ ավելի բարձր մակարդակով:
Ջուլիետտա Մանվելյան,17 տարեկան
Նինոծմինդայի շրջան, գյուղ Ղուլալիս
Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: