Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումը մեծ փոփոխություններ բերեց սոցիալական փոխհարաբերություններում եւ դրանց կազմակերպման գործընթացում։
Կրթական հաստատությունները եւս բացառություն չկազմեցին։ Սակայն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար, որոշվեց ուսումնական գործընթացը հեռավար եղանակով իրականացնել։ Եթե ժամանակին ասում էին՝ հեռախոսները պահե՛ք, դաս է, հիմա՝ հակառակը՝ միացրե՛ք, դասը, սկսվում է։
Հեռավար կրթությունը կարծես ոգեւորություն է առաջացրել աշակերտների եւ ուսանողների շրջանում։ Սա մի համակարգ է, որը քեզ թույլ է տալիս կրթություն ստանալ քո սեփական միջավայրում։ Բայց եւ այնպես սա վատ է, քանի որ ուսանողը կարող է մեկուսանալ։
Հիմա առցանց դասընթացներն ավելի ժամանակակից են եւ շատ երկրներում է ընդունված ու տարածված, սակայն ես այդքան էլ գոհ չեմ։ Արդեն մեկ տարի է, ինչ սովորում եմ հեռավար, սակայն ինչ խոսք, դա ինձ բոլորովին էլ դուր չի գալիս։
Առցանց դասընթացի ժամանակ բացակայում է ուսանողի եւ դասախոսի անմիջական հաղորդակցությունը, ինչպես նաեւ շատ հնարավոր է, որ ոչ բոլոր ուսանողներն ունեն համացանց կամ համակարգիչ՝ նրանք էլ ուզած թե չուզած ստիպված պետք է բացակայեն դասերից… Իմ կարծիքով թերի է մնում կրթությունը, եթե ուսանողի մոտ հարցեր առաջանա, այդ հարցերից շատերն անպատասխան էլ կմնան։
2020 թվականի մարտի 15-ն էր, երբ առաջին անգամ պետք է անցկացնեինք առցանց դասեր… Ես պատկերացում չունեի, թե ինչպես էր դա հնարավոր։ Առաջին անգամ առցանց դասը սկսեցինք, ֆեյսբուքյան մեսենջեր ծրագրով։
Սկզբից շատ դժվար էր համակերպվել ստեղծված իրավիճակի հետ՝ չէի հասկանում, նյարդայնանում էի, դե գյուղում էլ շատ մեծ էր համացանցի հետ կապված խնդիրները։ Ահա եւ առաջին անգամ դասի ժամանակ, դասախոսը հարցրեց. «Աղվան, ապա պատասխանիր իմ հարցին»:
Իսկ ես ուշադիր նայեցի նրան ու ոչինչ չպատասխանեցի։ Դասախոսը կրկին՝ Աղվան, լսո՞ւմ ես ինձ. «Ես էլ պատասխանեցի չեմ լսում ձեր ձայնը խորքից է լսվում, քանի որ հարցի պատասխանը չգիտեի, ուրիշ ելք չկար»։
Երբ դասերն սկզբնական շրջանում էին, շատ հաճելի էին անցնում, երբ ո՛չ մենք, ո՛չ էլ դասախոսական կազմը չէին հարմարվել առցանց գործիքներին, հաճախ կողքից խոսակցություններ էին լսվում, դասի ժամին մի պահ բոլորիս թվաց, թե դասախոսի կապն ընդհատվել է ու մեզ չի լսում եւ մի աղջիկ սկսեց հումորներ անել, պարզվեց՝ դասախոսը չէր հեռացել, ավելին՝ լսում էր մեզ։
Մի անգամ էլ տանը նստած բազմոցին լեկցիա էի լսում ու հանկարծ աչքս կպավ ու երբ արթնացա, դասն արդեն ավարտվել էր։
Իմ առավոտները միշտ էլ աղմուկով էին սկսվում։ Քանի որ իմ զույգ զարմիկները նույն դասարանում են սովորում եւ երկու հեռախոսով միանում են դասին, այդ ժամանակ էլ ձայնը հաճախ արձագանքում է, մյուս սենյակից էլ տատիկիս ու մայրիկիս բարձր ձայներն էին խանգարում։
Եվ այսպիսով, տարբեր սենյակներից ամբողջ ընտանիքով միանում էինք այդ գործին։
Միակ բանը, որը ես հավանում էի, դա այն էր երբ լեկցիան ավելի կարճ էր տեւում նախատեսվածից, այդ ամենը այնքան դժվար էր քանի որ, տարբեր դասախոսներ տարբեր ծրագրերով էին անցկացնում դասը եւ իհարկե համակարգն էլ մի քիչ ծանր էր աշխատում։
Իմ կարծիքով՝ հեռավար կրթության դրական կողմերը երկուսն են՝ դասերից չենք ուշանում եւ շուտ արթնանալու կարիք չկա։
Հեռավար ուսուցման համակարգում ընդգրկված ոչ վրացալեզու ուսանողների կողմից լեզվի ոչ լիարժեք իմացությունը հեռավար պայմաններում հանգեցնում է դժվար շփման՝ ուսանողի եւ դասախոսի միջեւ, ինչի հետևանքով ուսանողը խուսափում է, տեսախցիկի առջեւ դաս պատմելուց եւ բացակայում է ուսանողի եւ դասախոսի միջեւ փոխհամաձայնեցված հաղորդակցությունը։
Իմ կարծիքով ավելի շատ հմտություններ կարելի է ձեռք բերել, միայն այն դեպքում երբ գտնվում ես իրական պայմաններում եւ կատարում ես իրական աշխատանքներ։
Աղվան Շիրինյան, 21 տարեկան
Նինոծմինդայի շրջան, Մեծ Գոնդուրա
Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: