Կոնգրեսում քննարկել են Վրաստանի հարցը

Լուսանկարը՝ publika.ge-ից

ԱՄՆ Կոնգրեսում «Հելսինկյան հանձնաժողովի» շրջանակներում Վրաստանում ընթացող իրադարձությունների վերաբերյալ լսումներ են անցկացվել. քննարկվել է նաև MEGOBARI Act-ը: Լսումներին մասնակցել են Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին, Եվրամիությունում Վրաստանի նախկին դեսպան Նատալյա Սաբանաձեն և «Քաղաքացիական հասարակության հիմնադրամի» եվրոպական ինտեգրման ծրագրի ղեկավար Իվանե Չխիկվաձեն։

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ և Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնն իր ելույթում ասել է, որ «իշխող կուսակցությունը (Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը-հեղ.) ընդհանուր լեզու է գտնում ռազմական հանցագործ Պուտինի հետ, որը շատ ուրախ է «Վրացական երազանքի» հակաարևմտյան, դավադրության տեսությունների համահեղինակը լինել»: Ուիլսոնն ասել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա, որ հակաժողովրդավարական գործողություններն անպատասխան մնան։

Ուիլսոնի խոսքով, ռուսական հետախուզական կառույցները Վրաստանում գործում են անպատիժ. «Վրաստանի անվտանգության ծառայությունները շրջվեցին վրաց ժողովրդի դեմ, երբ Վրաստանի ինքնիշխանությունը փոխանցվեց Ռուսաստանի կայսրությանը առևտրի միջոցով՝ իշխանության էժանագին դեկորացիաների և նյութական շահի դիմաց»:

Դեմոկրատ կոնգրեսական Սթիվ Կոենը հիշել է. «Վրաստան եղել եմ 2012 թվականին, երբ նախագահ Սաակաշվիլին (Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին-հեղ.) քրեակատարողական համակարգը կառավարում էր «դրակոնյան» ոհով, իսկ Բիձինա Իվանիշվիլին «լավ բարեփոխողի» տպավորություն էր թողնում։ Այժմ, երկիրը, որը փորձում է ճնշել հասարակական կազմակերպություններին, ժողովրդավարական երկիր չէ։ Սա չի համապատասխանում արևմտյան արժեքներին»:

Չխիկվաձեն ասել է, որ վրաց ժողովրդի ընտրությունը պարզ է՝ երկրի ապագան Եվրամիությունում ու ՆԱՏՕ-ում է, և նրանք փողոցում բարձրաձայն հայտարարում են այդ ընտրության մասին. «Իշխող ուժը միակ իշխանությունն է, որը դեմ է գնում ժողովրդի կամքին և այժմ փորձում է ճնշում գործադրել, քանի որ մենք ցանկանում ենք սերտ կապեր ունենալ արևմտյան ժողովրդավարության հետ։ Վրաստանի բնակչության մեծամասնությունն իր ապագան տեսնում է Եվրոպայում՝ արևմտյան ընկերների և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին»:

Սաբանաձեն ասել է, որ «ժողովրդավարությունը այսօրվա Վրաստանում ոչնչացվում է խորհրդարանի լիազորված անձանց ձեռքով։ Մեկ անպատասխանատու մարդու ցուցումով այս մեծամասնությունը լիովին փոխում է Վրաստանի երկարաժամկետ արտաքին քաղաքական առաջնահերթությունները»։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» նման օրենքներ ընդունելով՝ իշխող ռեժիմը ոչնչացնում է Վրաստանի վաղեմի երազանքը՝ միանալ ազատ ազգերի եվրոպական ընտանիքին»,- նշել է Սաբանաձեն։

Կոնգրեսում լսումները տևել են մեկուկես ժամ։

Ի դեպ, ավելի քան 50 երկրներում մարդու իրավունքների, ժողովրդավարության և այլ կարևոր հարցերի շուրջ աշխատող «Հելսինկյան հանձնաժողովը» գրանցել է MEGOBARI Act-ը՝ դեռևս Վրաստանի խորհրդարանում նախագահի վետոն հաղթահարելուց առաջ։ Այն ուղղված է Վրաստանում ժողովրդավարության ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը, և պատժամիջոցներ է նախատեսում դրանց խախտման համար։