ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում արդեն գրանցվել է այն օրինագիծը, ըստ որի` ԱՄՆ-ը կհրաժարվի ճանաչել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և նրա դաշնակիցների կառավարությանը, Սալոմե Զուրաբիշվիլիին կճանաչի Վրաստանի օրինական առաջնորդ և կպահանջի նոր ընտրություններ։
«Վրացական մղձավանջների չճանաչման ակտի» («Վրացական երազանք»-ի չճանաչման ակտ — հեղ.) հեղինակներն են հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը՝ Հարավային Կարոլինայից և դեմոկրատ կոնգրեսական Սթիվ Քոհենը՝ Թենեսիից։
Կոնգրեսի օրենսդրական տեղեկագրում կարդում ենք, որ ակտը կքննարկի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, նաև` իրավական հանձնաժողովը:
«Իվանիշվիլիի ռեժիմի կողմից վրաց ժողովրդի դեմ շարունակվող հանցագործությունների պատճառով Վաշինգտոնը չպետք է ճանաչի կամ կարգավորի հարաբերությունները վրացական որևէ կառավարության հետ, որը գլխավորում է Բիձինա Իվանիշվիլին կամ նրա որևէ դաշնակից»,- գրված է «Վրացական մղձավանջի չճանաչման ակտ»-ում:
Փաստաթուղթն արգելում է ԱՄՆ կառավարությանը «որևէ գործողություն ձեռնարկել կամ դաշնային միջոցներ հատկացնել, ինչը կճանաչի Բիձինա Իվանիշվիլիի կառավարությանը»: Բացի այդ, օրինագիծը Սալոմե Զուրաբիշվիլիին ճանաչում է որպես «Վրաստանի միակ լեգիտիմ առաջնորդ», իսկ հոկտեմբերի 26-ի ընտրությունները որակում է «կեղծված»։
ԱՄՆ-ը խստացնո՞ւմ է «Վրացական երազանք»-ի դեմ պատժամիջոցները. կարծիքներ