
Կոնդիցիոներների օգտագործումը գրասենյակներում, բանկերում, խանութներում ու այլ փակ տարածքներում վտանգավոր է և կորոնավիրուսի տարածման տեսանկյունից մեծ ռիսկեր է պարունակում:
Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: Նա բացատրել է, որ արգելվելու է այն կոնդիցիոներների օգտագործումը, որոնք փողոցից օդ չեն վերցնում:
«Կենցաղային կոնդիցիոներները, որոնք սովորաբար մենք օգտագործում ենք, սառեցնում են օդը, որը պտտվում է սենյակի ներսում: Ցավոք դրանց օգտագործումը մեծ ռիսկ է պարունակում: Եթե կոնդիցիոները դրսից օդ չստանա, վտանգավոր կդառնա դրա օգտագործումը: Գիտեմ՝ ամռանը շոգ է լինելու, մեզ համար դժվար է լինելու, մենք սովորել ենք կոնդիցիոներին, բայց դրանց օգտագործումն առայժմ կարգելվի», — ասել է Իմնաձեն:
Հիշեցնենք՝ վարակաբաններն արգելել են նաև հանրային տրանսպորտում օդորակիչներ միացնելը: Փոխարենն՝ ավտոբուսներն ու երթուղայինները երթևեկելու են բաց պատուհաններով, որպեսզի տրանսպորտային միջոցը լավ օդափոխվի: