Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան շարունակում է հանդիպումները Վրաստանում։ Մայիսի 24-ին Կոլոմինայի հանդիպումներից մեկն ընդդիմության ներկայացուցիչների հետ էր։
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների խոսքով, Կոլոմինայի հետ զրուցել են տարբեր հարցերի, այդ թվում՝ Վրաստանի արտաքին քաղաքականության, Եվրամիության 12 հանձնարարականների և Ռուսաստանի հետ ուղիղ չվերթերի վերականգնման մասին։
«Լելո» կուսակցության անդամ Անա Նացվլիշվիլիի խոսքով, ընդդիմությունը համոզմունք է հայտնել, որ վրաց ժողովրդի ձգտումը դեպի եվրատլանտյան կառույցներ վաղ թե ուշ կիրականանա, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի ներկայիս իշխանությունն ու Ռուսաստանը խոչընդոտում են դրան։
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Գիա Բարամիձեի կարծիքով, Վրաստանի բարեկամները՝ թե ՆԱՏՕ-ի, թե ԵՄ անդամները, լավ գիտեն, թե ինչ է կատարվում երկրում։
«Մեր ընկերները շատ լավ հասկանում են, որ վրաց ժողովուրդը մեկն է, վրաց ժողովրդի խնդիրն ու նպատակն այն է, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ»,- ասել է Բարամիձեն։
«Ռազմավարություն Աղմաշենեբելի»-ի առաջնորդ Գիորգի Վաշաձեն էլ վստահ է, որ Վրաստանի համար` ավելի քան երբևէ, ՆԱՏՕ-ի և Եվրամիության դռները բաց են։ Նրա խոսքով, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կատարի տնտեսական ֆորումում իր ելույթով «ավերել է տարիների ու տասնամյակների ընթացքում Վրաստանի կառուցած կերպարը»։
Ի դեպ, ընդդիմությունից բացի, Կոլոմինան հանդիպել է Վրաստանի նախագահի, պաշտպանության նախարարի ու խորհրդարանի խոսնակի, ինչպես նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։