Վրաստանի կառավարության շենքի հարակից տարածքում 11:00 մեկնարկել է խաղաղ բողոքի ցույց: Ցույցի մասնակիցներն այս անգամ կողպեք են դնում կառավարության շենքի դարպասներին:
Նշենք, որ բողոքի ցույցի մասնակիցները «Կողպեքների պատերազմ» են սկսել. առաջին կողպեքը դրել էին խորհրդարանի շենքի մուտքի դարպասին: Սրանից հետո, երեկ ընդդիմության կողմնակիցներն ու բողոքի ցույցի կազմակերպիչները կողպեք դրեցին ՊԱԾ-ի գլխավոր գրասենյակի մուտքի վրա:
Ավելի վաղ Թբիլիսիում մեկնարկած ցույցի կազմակերպիչները կողպեք էին դրել դատախազության գլխավոր մուտքի դարպասին:
Հիշեցնենք՝ բողոքի ալիքը վերսկսվեց, երբ «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներքին տարաձայնությունների արդյունքում չընդունվեց 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները համամասնական կարգով անցկացնելու օրինագիծը։ Ընդդիմությունը սա Իվանիշվիլիի թատրոն անվանեց ու կոչ արեց ժողովրդին դուրս գալ փողոցային պայքարի։ 20 ընդդիմադիր ուժեր ու քաղաքացիական ակտիվիստներ փակեցին Ռուսթավելի պողոտան ու Խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը։ Ամենամեծ ակցիան անցկացվեց նոյեմբերի 18-ին։