Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն:
Ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության` կողմերը քննարկել են Վրաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ օրակարգը, Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը և հարակից հարցեր։
Դարչիաշվիլին բարձր ներկայացուցչին համապարփակ տեղեկություններ է տրամադրել Եվրահանձնաժողովի 12 կետերի կատարման վերաբերյալ։ Հանդիպմանը ընդգծվել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշման կարևորությունը` հուսալով, որ Վրաստանի ջանքերը պատշաճ կերպով կգնահատվեն։
«Զրույցի ընթացքում նշվել են Վրաստանի կողմից տարբեր ուղղություններով իրականացված հաջող բարեփոխումները, որոնք, ի թիվս այլոց, արտացոլվել են Եվրամիության օրենսդրության հետ մերձեցման վերաբերյալ Եվրահանձնաժողովի վերլուծական զեկույցում։
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև տարածաշրջանի անվտանգության միջավայրը։ Նախարարը բարձր ներկայացուցչին տեղեկություններ է տրամադրել Վրաստանի օկուպացված շրջաններում տիրող իրավիճակի մասին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: