Եվրախորհրդարանի պատգամավորներ Ռասա Յուկնևիչենեն, Մարկետա Գրեգորովան և Թեյս Ռոյթենը կոչ են անում Վրաստանի իշխանություններին հրաժարվել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից։
Լիտվացի պատգամավոր, «Եվրոպական ժողովրդական կուսակցության» ներկայացուցիչ Յուկնևչիենեն Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է, որ Վրաստանը պատկանում է Եվրոպային, և այս օրենքի ընդունումը սպառնում է Վրաստանի եվրատլանտյան ճանապարհի շարունակմանը։
Եվրոպացի պատգամավորը կոչ է անում Վրաստանի բոլոր պատասխանատու քաղաքական գործիչներին, հատկապես իշխող կուսակցությանը՝ անսալ սեփական ժողովրդի ձայնը և սաբոտաժի չենթարկել երկրի ապագան։
Չեխ պատգամավոր, «Կանաչներ-Եվրոպական ազատ դաշինք» խմբակցության անդամ Գրեգորովան կոչ է անում Վրաստանի իշխանություններին «դադարեցնել այս խելագարությունը և «օտարերկրյա գործակալների» օրենքի շուրջ քննարկումները»։ Գրեգորովան Twitter-ում գրել է, որ ծափահարում է խիզախ վրաց ժողովրդին։
Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքով, «Վրացական երազանքի» ներկայացուցիչների կողմից բազմաթիվ բանավոր հարձակումներ են եղել իր կուսակցության վրա։ Գրեգորովան դիմում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ նշելով, որ իրենց կուսակցությունը երբևէ ջրցան մեքենաներ չի օգտագործել սեփական քաղաքացիների դեմ։
Եվրախորհրդարանի պատգամավոր Ռոյթենը, խոսելով «գործակալների» մասին օրենքի նախագծի և մարտի 7-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին, գրել է.
«Այսօր օտարերկրյա գործակալների մասին ռուսաստանյան օրենքի ընդունումը ըստ էության քվեարկություն է Եվրամիությունում Վրաստանի հեռանկարների, ժողովրդավարության և երկրի սեփական բնակչության դեմ: Վրաստանը Եվրոպա է»,- գրել է Ռոյթենը:
Մարտի 7-ին, Վրաստանի խորհրդարանի տարածքում լարված իրավիճակ էր ողջ օրվա ընթացքում: Ցուցարարների ուղղությամբ մոբիլիզացված հատուկջոկատայինները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Քաղաքացիական հասարակության բողոքի ակցիաները Թբիլիսիում վերսկսել էին Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ հավանություն տալուց հետո:
Ստորև ամփոփ ներկայացնում ենք մարտի 7-ին Թբիլիսիում տեղի ունեցածը՝
«Ռուսական օրենքի» ընդունումն ու հետևանքները. Թբիլիսին մարտի 7-ին