«Փաստերի ստուգման եվրոպական ցանցը» (EFCSN) և «Փաստերի ստուգման միջազգային ցանցը» (IFCN) բաց նամակով դիմել են Եվրամիությանը՝ վրացի «փաստ ստուգողների» նկատմամբ ոտնձգությունների պատճառով։ Դրանում նշվում է, որ Վրաստանում աշխատող փաստերի ստուգման կազմակերպությունները վերջին շաբաթներին հայտնվել են հարձակումների թիրախում։
Նշվում է, որ «այս սարսափելի քարոզարշավին աջակցում են Վրաստանի իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները՝ «փաստ ստուգողներին» անվանելով «քաղաքացիություն չունեցող գործակալներ և նեոֆաշիստներ»։
«Տիկին ֆոն դեր Լեյեն, պարոն Բորել և տիկին Յուրովա, խնդրում ենք տեղեկացնել Վրաստանի կառավարությանը, որ ոտնձգությունների այս արշավն անընդունելի է, և որ ԵՄ կառույցները համերաշխ են վրացական փաստերը ստուգող կազմակերպությունների հետ: Խնդրում ենք օգտագործել ձեր տրամադրության տակ եղած գործիքները՝ այդ հարձակումները կասեցնելու»,- նշված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովային ուղարկված նամակում։
Նամակում նշվում է նաև, որ այս քարոզարշավը կապված է Վրաստանում «գործակալների մասին օրենքի» ընդունման գործընթացի հետ։
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանի 84 պատգամավորներ մայիսի 28-ին հաղթահարել են «գործակալների օրենքի» վրա դրած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն՝ չնայած երկրի գործընկերների զանգվածային բողոքներին ու կոչերին։ Մի քանի օրից անհայտ անձինք կրկին վիրավորական գրություններ են թողել հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների գրասենյակներում, որոնց վրա ազդում է օրենքը։