ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը և բրիտանացի պատգամավոր Ջեյմս ՄաքՔլերին Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի հիմնադիր պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ:
Միացյալ Թագավորության ԱԳ նախարարին հղված համատեղ նամակը X հարթակում հրապարակել է Ուիլսոնը: Նամակի հեղինակները նշել են, որ «Իվանիշվիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին օգնել է միջամտել Վրաստանի ժողովրդավարությանը և խարխլել երկրի ինքնիշխանությունը»: Հավելել են՝ «Իվանիշվիլիի կուսակցությունն ամեն ինչ անում է՝ երկիրը մոտենա Պուտինի գրպանին»։
Բացի այդ, ամերիկացի և բրիտանացի պատգամավորները կտրականապես պահանջում են, որ «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահի «սև ցուցակում» ներառելուց բացի, Բրիտանիան դադարեցնի իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ։
«Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը, զրկել է ողջ երկրին ժողովրդավարական իրավունքներից, օգնում է՝ երկիրը մոտենա Պուտինի գրպանին։ Բրիտանական պատժամիջոցները կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ, քանի որ Իվանիշվիլին և նրա դաշնակիցները զգալի ակտիվներ ունեն Բրիտանիայում: Բացի այդ, Իվանիշվիլիի հիմնական քարոզչական խոսափողը՝ «Իմեդի» հեռուստաընկերությունը, կառավարվում է Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերության միջոցով, ինչն ուղղակի անընդունելի է», — նշում են բարձրաստիճան պաշտոնյաները:
Նշենք, որ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել 2024 թվականի դեկտեմբերի 27-ին։ Որոշումը հրապարակել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC): ԱՄՆ-ի որոշման արդյունքում, պարզաբանել է OFAC-ը, Իվանիշվիլիի «բոլոր ակտիվները, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում, պատկանում կամ վերահսկվում են ԱՄՆ քաղաքացիների կողմից, կարգելափակվեն (այսինքն՝ կսառեցվեն):