Միջազգային իրավապաշտպան Amnesty International և Human Rights Watch կազմակերպությունները համատեղ նամակ են հրապարակել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ և կոչ արել Վրաստանի իշխանություններին` վերանայել Սաակաշվիլիին բուժման նպատակով ազատ արձակելու որոշումը։
Հայտարարության հեղինակները պնդել են, որ Վրաստանի իշխանությունները երրորդ նախագահին համապատասխան բժշկական օգնություն չեն տրամադրում և նրան դնում մահվան, անաշխատունակության կամ առողջության այլ անդառնալի վնասների վտանգի տակ:
«Միխեիլ Սաակաշվիլիի համար համապատասխան բժշկական օգնությունից հրաժարվելը կարող է հավասարազոր լինել խոշտանգումների կամ այլ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի ու վտանգի ենթարկել նրա կյանքը», — ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրեն Դենիս Կրիվոշևը:
Amnesty International-ը և Human Rights Watch-ն նշել են, որ երկու անկախ բժշկական թիմեր եկել են այն եզրակացության, որ Սաակաշվիլին իր 16 ամսվա ազատազրկման ընթացքում կյանքին վտանգ սպառնացող մի շարք ախտանիշներ է ձեռք բերել: Ըստ հայտարարության հեղինակների՝ եզրակացություններից մեկի համաձայն, փորձագետները եզրակացրել են, որ Սաակաշվիլին ունի նյարդաբանական, օրթոպեդիկ, հոգեբանական, գաստրոէնտերոլոգիական խանգարումներ, որոնք սպառնում են նրա կյանքին և պահանջում են այնպիսի բժշկական օգնություն, որը հասանելի չէ Վրաստանում։
Կազմակերպությունները, սակայն, նաև նշել են, որ Հանրային պաշտպանի ուղարկած անկախ փորձագետները, որոնք փետրվարի 19-ին այցելել են Սաակաշվիլիին, հայտարարել են, որ նրա ինքնազգացողությունը վատացել է 2022 թվականի դեկտեմբերին կատարված հետազոտության համաձայն: