Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 15-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության է տարածել:
Վրաստանի հանրային պաշտպանը կոչ է անում իշխանություններին, օգտագործելով միջազգային բոլոր մեխանիզմները և ներգրավելով միջազգային հանրությանը, ուժեղացնել ճնշումն օկուպացիոն ռեժիմի վրա՝ պաշտպանելու օկուպացված շրջանների քաղաքացիների իրավունքները:
Օմբուդսմենը նաև կոչ է անում միևնույն ժամանակ ջանքեր չխնայվել արհեստականորեն բաժանված հասարակության միջև երկխոսության ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ:
«15 տարի է անցել 2008 թվականի Ռուսաստանի և Վրաստանի միջև օգոստոսյան պատերազմից։ Զինված հակամարտության հետևանքները դեռևս սուր են զգում օկուպացված տարածքի և բաժանարար գծի մերձակայքի բնակչությունը։ 2008 թվականի ռազմական գործողությունների արդյունքում գրանցված է 27 հազար 582 ներքին տեղահանված անձ։
2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի և Վրաստանի միջև ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է Վրաստանի պաշտպանության նախարարության 170 աշխատակից, 14 ոստիկան, 224 խաղաղ բնակիչ։ Քաղաքացիական և զինվորական վիրավորների/տուժածների ընդհանուր թիվը 2 232 է»,- նշել է օմբուդսմենը:
Ըստ նրա՝ օկուպացիոն ռեժիմը դեռ շարունակում է «ահմանի» ապօրինի հատման համար անձանց ապօրինի կալանավորելու պրակտիկան: Օմբուդսմենի խոսքով, պաշտոնական տվյալներով՝ 2008 թվականից մինչ օրս, օկուպացիոն ռեժիմը «սահմանն» ապօրինի հատելու համար ապօրինի բերման է ենթարկել 3 439 մարդու, որից 1 935-ը՝ օկուպացված Աբխազիայի, 1 504-ը՝ օկուպացված Ցխինվալիի ուղղությամբ։
Այսօր լրանում է ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 15-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: