Կոչ են անում շտապ միանալ հանրահավաքին

Վրաստանում գործող մի քանի հասարակական կազմակերպություններ, ընդդիմադիր կուսակցություններ և շարժումներ կոչ են անում հանրությանը գնալ խորհրդարանի մոտ և բողոքել «ռուսական օրենքի» ընդունման դեմ։

«Հանրահավաքի դադարից 5 րոպե անց սկսեցին քննարկել ռուսական օրենքը։
Առանց խուճապի պետք է արագ վեր կենալ և գալ խորհրդարան։

Մենք քաջատեղյակ ենք «Վրացական երազանքի» փորձարկած մեթոդին՝ արագ փոխել իրենց ծրագրերը, թուլացնել բողոքի ակցիան և հանգիստ կատարել հերթական հանցագործությունը Վրաստանի դեմ», — ասված է նրանց տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանը հայտարարված հինգշաբթի օրվա փոխարեն այսօր սկսել է քննարկել «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերի քննարկումը:

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:

Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովներն արդեն հավանություն են տվել օրինագծերին: