Կոչ են անում հարցաքննել Հատուկ առաջադրանքների վարչության տնօրենին

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (GYLA) Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) կոչ է արել հետաքրքրվել Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի լրատվամիջոցներին տված մեկնաբանություններով և սկսել հետաքննություն։

Խարազիշվիլին այսօր՝ մայիսի 28-ին, Վրաստանի խորհրդարանում «գործակալների օրենքի» քննարկմանը զուգահեռ, խորհրդարանի շենքի մոտ այս օրենքի հակառակորդների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասել է, որ ունի «տմարդի» անձանց ցուցակը, որոնց ինքը ծեծում է:

«Տագնապալի է, որ ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, որն ունի ոստիկանական կարևոր գործառույթ, հրապարակայնորեն բռնության սպառնալիքներ է բարձրաձայնում, ինչն ակնհայտորեն բռնության խրախուսանք է իրավապահների կողմից», — այսպես է գնահատել GYLA-ն Խարազիշվիլիի հայտարարությունը:

Կազմակերպությունը կարծում է, որ այս դեպքը «ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ կառավարությունը միտումնավոր կերպով կիրառում է անօրինական և բռնի մեթոդներ՝ շարունակվող խաղաղ բողոքը ճնշելու համար»։

Ի դեպ, «Խարբա» մականունով հայտնի Խարազիշվիլին համարվում է ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի վստահելի անձը։ Նրա անունը կապվում է աղմկահարույց դեպքերի հետ, այդ թվում՝ 2019 թվականի հունիսի 20-21-ին տեղի ունեցած «Գավրիլովի գիշեր» հանրահավաքի արյունալի ճնշման դեպքի հետ։ Այդ ժամանակ Խարազիշվիլին ղեկավարում էր «Շավնաբադա» հատուկ նշանակության ջոկատը։

2023 թվականի մարտին, երբ մարդիկ բողոքում էին «գործակալների օրենքի» դեմ, հենց Խարազիշվիլիի հայտնվելը հանգեցրեց ցույցը հատուկ միջոցներով ցրելուն։ Այդ ժամանակ նա արդեն Հատուկ առաջադրանքների վարչության տնօրենն էր։ Խարազիշվիլիին կարելի էր տեսնել 2024 թվականի ապրիլին և մայիսին «գործակալների օրենքի» դեմ ակտիվ գործողություններում։