Վրաստանի ընդդիմադիր կին պատգամավորները խորհրդարանում ճեպազրույց են անցկացրել՝ կոչ անելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հանդիպել ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների մայրերին։
Ընդդիմադիր «Լելո» կուսակցության պատգամավոր Անա Նացվլիշվիլիի կարծիքով՝ երեխաներին անհրաժեշտ դեղորայքի հարցը պետք է արագ լուծվի։
«Մենք ցանկանում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը հայտնել ախոնդրոպլազիա ախտորոշված երեխաների մայրերին, որ արդեն մի քանի օր կանգնած են Վրաստանի կառավարության շենքի դիմաց և պահանջում են իրենց երեխաների համար կենսականորեն կարևոր որոշում կայացնել»,- ասել է նա:
Նացվլիշվիլին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների համար առաջին անհրաժեշտության դեղամիջոցների հարցը հնարավորինս արագ լուծելու համար:
«Այս առողջական խնդիրն ունեցող երեխաները զրկված են այս որոշմանը ամիսներ ու տարիներ սպասելու հնարավորությունից»,- ասել է Նացվլիշվիլին:
Նշենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ախոնդրոպլազիա ունեցող երեխաների ծնողները պահանջում են հատուկ դեղամիջոց ներմուծել Վրաստան։