Կոչ են անում դադարեցնել ցուցարարների նկատմամբ բռնությունները

Երեկ Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում ձերբակալված քաղաքացիների մեծամասնությունը մարմնական վնասվածքներ ունի, նրանցից 3-ը գտնվում են հիվանդանոցում: Այս հարցի շուրջ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան», «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն», «Սոցիալական արդարության կենտրոն» ՀԿ-ների ներկայացուցիչները համատեղ ճեպազրույց են անցկացրել։

Նրանք կոչ են անում իրավապահներին դադարեցնել քաղաքացիների նկատմամբ ապօրինի ձերբակալությունները և ֆիզիկական բռնությունները։ Հանրահավաքի մասնակիցներին նաև հորդորում են դիմել ՀԿ-ներին, եթե խախտվել են իրենց իրավունքները։

«Ոստիկանությունը ձերբակալել է 13 խաղաղ ցուցարարների, ովքեր օգտվում էին հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքից, պաշտպանում էին Վրաստանի եվրոպական ապագան։ Վրացական ՀԿ-ները ողջ գիշեր մեկուսարաններում որոնել են կալանավորներին, հանդիպել նրանց, զրուցել ու նկարագրել իրենց իրավունքների ոտնահարման փաստերը։ Ձերբակալվածների մեծ մասի մոտ առկա են մարմնական վնասվածքներ, իսկ 3-ը գտնվում են հիվանդանոցում։ Նրանք հայտարարել են, որ չնայած ձերբակալված կամ վիրավորված լինելուն՝ շարունակելու են պայքարել ռուսական օրենքի դեմ՝ հանուն Վրաստանի եվրոպական ապագայի»,- ասել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» նախագահ Նոնա Քուրդովանիձեն։

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ, դահլիճում վիճաբանության ու ծեծկռտուքի ֆոնին, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը՝ 83 կողմ ձայնով։ Քվեարկությանն ընդդիմությունը չի մասնակցել: Ընդդիմության պատգամավորները այսպես են որակել տեղի ունեցածը. «Դավաճանները փակվել են դահլիճում, որ երկրի շահերի դեմ գործեն»:

Ի դեպ, համացանցում լի են տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են հատուկջոկատայիններն ու ոստիկանության աշխատակիցները բռնություն գործադրում խաղաղ ցուցարաների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ: Ստորև ներկայացված են լուսանկարներ և տեսանյութեր:

https://www.facebook.com/reel/424112293534204