Վրաստանի նախկին վարչապետ, «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան գրառում է կատարել` կոչ անելով Վրաստանի իշխանություններին դիմել Եվրամիությանը՝ արագացնելու Վրաստանի անդամակցությունը։
«Մի քանի րոպե առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով Ուկրաինային՝ հատուկ ընթացակարգով, արագացված կարգով միանալ ԵՄ-ին։
Ռուսական ագրեսիային աշխարհի արձագանքին զուգահեռ, վրացական կառավարությունը դեմ է գնում վրաց ժողովրդի կամքին և մեր երեխաներին զրկում արժանապատիվ ապագայի հեռանկարից։ Կառավարության յուրաքանչյուր նոր ելույթ վիրավորում է վրաց ժողովրդի արժանապատվությունը և 2008 թվականին ցուցաբերած միասնությանը» — ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետը:
Գախարիան ընդգծել է, որ վրաց ժողովուրդն արդեն կայացրել է իր որոշումը՝ միանալ եվրոպական ընտանիքին։
«Ես կոչ եմ անում վրացական իշխանություններին օգտվել այս պատմական հնարավորությունից և պաշտոնական խնդրանքով դիմել Եվրամիությանը՝ արագացնելու Վրաստանի անդամակցությունը: Ժամանակն է գործողությունների, մենք պետք է ամբողջ աշխարհին հիշեցնենք, որ մենք ռուսական ագրեսիայի առաջին զոհն ենք» — նշում է Գիորգի Գախարիան։