
«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ ընդդիմությունը դատապարտված է պարտության տեղական ինքնակառավարման ընտրություններում (ՏԻՄ)։
Ըստ Կոբախիձեի` «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշը բարելավվել է: Նա հուսով է, որ «Վրացական երազանք»-ը ՏԻՄ ընտրություններին կարող է «նույնիսկ ավելի բարձր արդյունք ստանալ, քան ստացել է խորհրդարանական ընտրություններում»:
«Մենք հավակնություն ունենք, որ կարող ենք ավելի բարձր արդյունքներ ստանալ, քան ստացանք խորհրդարանական ընտրություններում։ Այսօրվա հարցումները դա են վկայում։ Այսօրվա հարցումների համաձայն՝ մեր վարկանիշն էլ ավելի է բարձրացել։ Մնացածն ընդդիմության գործն է։ Ընդդիմությունը դատապարտված է շատ ծանր պարտության բոլոր 64 շրջաններում», — ասել է Կոբախիձեն։
2024 թվականի խորհրդարանական ընտրությունները, որոնց համար Կոբախիձեն ավելի լավ արդյունք էր ակնկալում, լեգիտիմություն չեն տվել 5 տոկոսի շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը, Վրաստանի հինգերորդ նախագահն ու հասարակական կազմակերպությունները։ Հարցեր ունեն նաև միջազգային գործընկերները, և ավելի քան չորս ամիս շարունակ անընդմեջ ցույցեր են ընթանում՝ պահանջելով նոր ընտրություններ։
Ավելի վաղ՝ մարտի 27-ին, Կոբախիձեի թիմակից Մամուկա Մդինարաձեն ասել էր, որ «Հավաքական ազգային շարժում»-ը, որում «Վրացական երազանք»-ը ներառում է հիմնական ընդդիմադիր կուսակցությունները, «չի կարողանա մասնակցել ոչ միայն ինքնակառավարման, այլև այս երկրում կայանալիք ընտրություններին», քանի որ «դրանք կճանաչվեն հակասահմանադրական կուսակցություններ, և նրանց գործունեությունը կարգելվի»։
Վրաստանի օրենսդրության համաձայն, հաջորդ ինքնակառավարման ընտրությունները պետք է անցկացվեն այս տարի՝ 2025 թվականի հոկտեմբերին. դեռ հայտնի չէ, թե որ ընդդիմադիր կուսակցությունը կորոշի մասնակցել ընտրություններին։