«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրկին հանդիպել է Վրաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։
Բերսեն պաշտոնական այցով Վրաստան է ժամանել դեկտեմբերի 18-ին: Կոբախիձեի և Բերսեի առաջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 18-ին։ Նույն օրը Բերսեն հանդիպել է «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին։
Դեկտեմբերի 19-ին ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ։ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը հրաժարվել է հանդիպել նրան.
Եվրախորհուրդն ընդգծել է, որ այցի դրդապատճառն ուժեղ լարվածությունն է, քաղաքական իրավիճակի ծայրահեղ բևեռացումը և բռնության դեպքերը, որոնք տեղի են ունեցել վերջին շաբաթներին։
Այցից առաջ ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ընդդիմության ներկայացուցիչներ Ալեքսանդր Էլիսաշվիլիի և Նիկա Գվարամիայի ազատ արձակումը։
Վրաստանում ստեղծված լարված և մտահոգիչ իրավիճակում Եվրոպայի խորհուրդը կոչ է արել բոլոր կողմերին խուսափել ցանկացած էսկալացիայից, իսկ իշխանություններին՝ զերծ մնալ ուժի անհամաչափ կիրառումից և հարգել խոսքի ու հավաքների ազատությունը։
Բողոքի ցույցերը Վրաստանում սկսվել են նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ը հայտարարեց Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը մինչև 2028 թվականի վերջն օրակարգ չբերելու որոշման մասին: Ոստիկանական ուժերը, օգտագործելով հատուկ միջոցներ, մի քանի անգամ ցրել են ցույցերը և ձերբակալել ավելի քան 400 մարդու։