
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոսել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անվտանգության պաշտպանությանն ուղղված միջոցառումների մասին։
Կոբախիձեն բացատրել է, թե ինչու է Իվանիշվիլին կուսակցական միջոցառումների ժամանակ աջակիցներին դիմում զրահապատ ապակու հետևից։ Վարչապետը խոսել է նաև ընդդիմության առաջնորդների վրա հարձակվելու ռիսկերի մասին։
Նա հանրությանը կոչ է արել լինել զգոն և պատշաճ գնահատել «արմատական ընդդիմության» ցանկացած փոքր կամ մեծ սադրանք։
«Հարկ է նշել, որ բացի կուսակցության պատվավոր նախագահից, հարձակման վտանգի տակ են նաև արմատական ընդդիմության առաջնորդները, հատկապես այն քաղաքական գործիչները, որոնց հարձակումները հավաքական «Ազգային շարժում»-ը և նրա հովանավորները կարող են արդյունավետորեն օգտագործել՝ վարկաբեկելու ընտրական գործընթացն ու կառավարության գործունեությունը: Զգուշացնում ենք, որ ցանկացած նման փորձ կպատժվի օրենքի ողջ խստությամբ»,- ասել է Կոբախիձեն։