
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն շարունակում է մեղադրել Ներքին գործերի նախկին նախարար, նախկին վարչապետ Գիորգի Գախարիային: «Մթավարի» ալիքին տված հարցազրույցում Կոբախիձեն հայտարարել է, որ «Վրացական երազանքի» շուրջ հավաքված խնդիրները կապված են Գիորգի Գախարիայի` ՆԳ նախարարության տարիներին անցկացրած հատուկ գործողություններին:
Կոբախիձեն նշել է մի քանի հատուկ գործողություն, որոնք ըստ նրա սխալ են եղել կազմակերպված և իշխանության համար խնդիրներ են առաջացրել, օրինակ Մեստիայի, գիշերային ակումբ Բասիանիի և Պանկիսիի կիրճի հատուկ գործողությունները: Իշխող կուսակցության նախագահն անդրադարձել է նաև 2019 թվականի հունիսի 19-20-ի հատուկ գործողությանը, այն նույնպես որակելով «անհասկանալի»:
«Գիորգի Գախարիայի կողմից կազմակերպված օպերացիան անհասկանալի էր, ինչը ի վերջո ծանր հետևանքներ ունեցավ մեզ համար»,- նշել է Կոբախիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, լքելով պաշտոնը, ձևավորեց նոր ընդդիմադիր ուժ՝ «Հանուն Վրաստանի»: Քաղաքականությունից չհեռանալու մասին Գախարիայի հայտարարությունից հետո նախկին վարչապետի և նրա նախկին թիմի միջև հարաբերությունները լարվել են և հնչում են փոխադարձ մեղադրանքներ: