«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն ողջունում է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ 90 օրով դադարեցնելու ԱՄՆ արտաքին օգնության բոլոր ծրագրերը։ Դրանց թվում է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID-ի) աջակցությունը որից օգտվում են հազարավոր քաղաքացիներ:
Կոբախիձեն հույս ունի, որ Թրամփի որոշումը կշարունակվի նշյալ ժամկետից հետո ևս.
«Տեղյակ եք, որ ԱՄՆ-ից ֆինանսավորումը դադարեցվել է 3 ամսով, և մենք մեծ հույս ունենք, որ այն երկար ժամանակ կասեցված կմնա։ Իհարկե, այս ամենը կնպաստի մեր երկրի կայուն զարգացմանը։ Մեր երկիրը ապակայունացնելու փորձերը չեն կարող ֆինանսավորվել դրսից»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Հատկանշական է, որ «Վրացական երազանք»-ից երկար ժամանակ հնչում էին USAID-ի դեմ մեղադրանքներ, այդ թվում՝ պետական անվտանգության ծառայության պնդումը, թե Թբիլիսիում USAID-ի ծրագրի շրջանակներում հեղափոխական դասընթացներ են անցկացվել։