Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաստատել է, որ եվրոպացի գործընկերները երկրում անցկացված ընտրությունները լեգիտիմ չեն ճանաչել։ Կառավարության ղեկավարը ճանաչումը համարել է նրանց հետ շփում սկսելու նախապայման ։
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մեկ շաբաթ է անցել այն պահից, երբ «Վրացական երազանք»-ի մեծամասնությունը վստահություն հայտնեց կառավարությանը։ Այդ իսկ պատճառով «Ազատություն» ռադիոկայանը ճեպազրույցում վարչապետից հետաքրքրվել է՝ կառավարության հաստատումից հետո եվրոպացի որեւէ գործընկերոջ հետ գրավոր, հեռախոսային կամ այլ տեսակի շփում կա՞։
«Մենք սպասում ենք յուրաքանչյուր երկրի կողմից ընտրությունների օրինականության ճանաչմանը և, իհարկե, դա թույլ կտա ակտիվացնել երկկողմ հարաբերությունները։ Սա սկզբունքորեն կարևոր է. բոլորը պետք է ընդունեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունը: Մենք սպասում ենք նման ճանաչմանը և դրանից հետո, իհարկե, ակտիվ կլինենք ցանկացած երկրի հետ»,- ասել է Կոբախիձեն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 16-ին ամփոփել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները։ ԿԸՀ տվյալներով՝ «Վրացական երազանք»-ը 11-րդ գումարման խորհրդարանում 150 մանդատից ունի 89 մանդատ, իսկ չորս ընդդիմադիր հարթակները՝ համատեղ 61 մանդատ։
Ամփոփ զեկույցում ներկայացված ցուցանիշներին համամիտ է միայն «Վրացական երազանք»-ը։ Ընդդիմությունը, ոչ իշխանական հատվածը և նախագահը հոկտեմբերի 26-ի ընտրությունները համարում են կեղծված։
Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է արել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքներին առնչվող «լուրջ կասկածները»։