
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ մեկնաբանություն չի ցանկանում անել:
«Ես ասացի, որ չեմ մեկնաբանի այս թեման և չեմ խախտի խոստումս։ Ինչ վերաբերում է պետության պատասխանատվությանը, ապա պետությունը շատ լավ գիտի իր պատասխանատվությունը՝ ի տարբերություն մինչև 2012 թվականը եղած ժամանակահատվածի (նկատի ունի Սաակաշվիլիի կառավարման տարիները- խմբ.)»,- ասել է Կոբախիձեն
Ի դեպ, Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտը «Ամերիկայի ձայն»-ին մեկնաբանություն է տվել։ Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ գերատեսչությունը շատ ուշադիր հետևում է Վրաստանի նախկին նախագահի նկատմամբ վերաբերմունքին։ Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Սաակաշվիլիի առողջության պաշտպանությունը Վրաստանի իշխանությունների պարտականությունն է։
Հարկ է նշել, որ Սաակաշվիլիի փաստաբանների միջնորդության հիման վրա դատարանը պետք է քննարկի նախկին նախագահի պատժաչափի հետաձգման կամ նրա ամբողջական ազատման հարցը։ Փաստաբաններին ուղղված միջնորդության հիմքում ընկած են անցկացված փորձաքննությունների եզրակացությունները, ըստ որոնց` Սաակաշվիլիի առողջական վիճակը ծանր է գնահատվում։ Կասկածներ կան նաև, որ երրորդ նախագահը թունավորված է։
Նշենք նաև, որ Սաակաշվիլին 2022 թվականի մայիսի 12-ից գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում` բժիշկների հսկողության տակ։ Իշխանությունները պնդում են, որ պետությունն ամեն ինչ անում է նրա առողջության համար, սակայն Սաակաշվիլին դժվարությամբ է ենթարկվում բուժման պահանջներին։
Սաակաշվիլիի առողջության պահպանումը Վրաստանի իշխանությունների պարտականությունն է. ԱՄՆ Պետդեպարտամենտ