Կոբախիձեն դեկտեմբերից ի վեր երկրորդ անգամ է հանդիպել Չինաստանի դեսպանին

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2024 թվականի դեկտեմբերից ի վեր երկրորդ հանդիպումն է անցկացրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ճոու Ցիենի հետ։

Չինաստանը այն սակավափիվ երկրներից է, որը շնորհավորել է «Վրացական երազանք»-ին վիճահարույց ընտրություններում հաղթանակի և Միխեիլ Կղավելաշվիլիի վեցերորդ նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

2025 թվականի հունվարի 10-ին կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են «Վրաստան-Չինաստան ռազմավարական գործընկերության համաձայնագրով նախատեսված ոլորտներում համագործակցությունը և առևտրատնտեսական կապերի զարգացման դրական դինամիկան»։

Կոբախիձեի վարչակազմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նա ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել դեսպանին Չինաստանում բազմաթիվ մարդկային կյանքեր խլած երկրաշարժի կապակցությամբ, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում։։

Նրանց նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 6-ին։ Դիվանագետը շնորհավորել է Կոբախիձեին վիճահարույց խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք»-ի հաղթանակի և չլեգիտիմացված նոր կառավարության հաստատման կապակցությամբ։

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները, հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և հասարակությունն ընտրությունների արդյունքներն ու ձևավորված իշխանությունը համարում են ոչ լեգիտիմ։

Դեկտեմբերի 6-ի հանդիպման ժամանակ «ուշադրությունը կենտրոնացել է երկկողմ համագործակցության զարգացման դրական դինամիկայի վրա, ինչը հաստատվում է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրով», հայտարարել է Կոբախիձեի մամուլի կենտրոնը։

Այդ հանդիպմանը քննարկվել է նաև «երկու երկրների միջև քաղաքական և մշակութային հարաբերությունների և առևտրատնտեսական կապերի հետագա խորացման» հարցը:

Ուշագրավ է նաև, որ 2024 թվականի մայիսի 29-ին «գործակալների օրենք»-ի ընդունումից հետո Վրաստանը Չինաստանի պետական ​​կոնսորցիումին փոխանցեց ռազմավարական Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծի բաժնետոմսերի 49 տոկոսը։ Ընտրված ընկերությունը, որը ենթարկվում է ԱՄՆ պատժամիջոցների, մեղադրվում է աշխարհի մի շարք երկրներում խախտումների համար և համարվում է «վարկային ծուղակ» քաղաքականություն վարող։