Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ուղղակիորեն չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը Վրաստանի և Ուկրաինայի ընդհանուր թշնամին է։ Կոբախիձեն փոխարենը խոսել է թշնամու հայեցակարգի տարբեր ըմբռնումների մասին և ասել, որ հեշտ է այնպիսի հարցեր տալ, որոնք սխալ պատասխանի դեպքում քեզ կտանեն երկրորդ ճակատ։
Իշխող ուժի ղեկավարը նշել է՝ Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի տարածքների 20 տոկոսը, և դա փաստ է, թեև համաձայն չէ այն արտահայտության հետ, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը նաև Վրաստանի պատերազմն է․
«Նման արտահայտություն անողները ցանկանում են, որ պատերազմը դառնա նաև Վրաստանի պատերազմը. նրանք երազում են Վրաստանում երկրորդ ճակատի մասին»:
Կոբախիձեն հավելել է՝ Վրաստանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան: