Կոբախիձեն աշխատանքային այցով Հայաստանում է

Հունվարի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը։

Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դեմ առ դեմ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը և քննարկել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի շրջանակներում քննարկվելիք հարցեր։

Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում տիրող իրավիճակին և խաղաղ գործընթացի առաջընթացին։ Կոբախիձեն ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ խթանելու երկխոսությունը և նպաստելու տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը, ինչը կարևոր է երկրների հետագա զարգացման համար։

«Կողմերն ընդգծել են նաև երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունը տարբեր ձևաչափերով և սերտ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում, ինչը նպաստում է երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հաջորդ նիստը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի հետագա ընդլայնմանը և այդ առումով առկա ներուժի լիարժեք օգտագործմանը», — հայտնում է Վրաստանի կառավարության էջը.

Կոբախիձեն իր հերթին Փաշինյանին հրավիրել է պաշտոնական այցով Վրաստան։

Տեղի կունենա նաև Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ երկու երկրների վարչապետների նախագահությամբ։

Նշենք, որ ՀՀ-ում է նաև «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: Ի դեպ, հունվարի 17-ին Կոբախիձեն Բաքվում էր: