Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ապրիլի 25-ին ընդունած «գործակալների մասին օրենքի» վերաբերյալ Եվրախորհրդարանի (ԵԽ) բանաձևն «արժեք չունի»։
Ըստ Կոբախիձեի՝ «եվրախորհրդարանի ղեկավարները ցանկանում են արհեստականորեն փոխել իշխանությունը»։ Կոբախիձեն ԵԽ-ի բանաձևն անվանել է «դեժավյու» և ասել.
«Այս գործընթացը կրկնությունն է այն ամենի, ինչ տեղի է ունեցել 2022 թվականին»։
Կոբախիձեի խոսքով, «որոշ ուժեր, այդ թվում Եվրախորհրդարանի պատգամավորները, գիտեին, որ երկիրը չի կարողանա թեկնածուի կարգավիճակ ստանալ 2022 թվականի հունիսին, և դրա համար բացասական ֆոն էին ստեղծում՝ շանտաժի ենթարկելով վրաց հասարակությանը»։
«Այն ժամանակ Վրաստանի վերաբերյալ երեք տարբեր բանաձևեր են ընդունվել, որոնք, ի թիվս այլոց՝ քննարկել են հանցագործների ազատ արձակումը, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցը», — լրագրողներին ասել է վարչապետը։
Վարչապետն այնուհետ տարածել է դավադրության տեսությունը և ասել, թե «սա մի տեսակ նախապատրաստական ֆոն էր, որ թեկնածուի կարգավիճակ չստանալուց հետո Վրաստանում հեղափոխություն տեղի ունենա»։ Կոբախիձեի խոսքով, «այստեղ էլ, թվում է, թե եվրապատգամավորները հաշվարկ ունեն, որ հոկտեմբերին Եվրոպական հանձնաժողովը բացասական եզրակացություն է գրելու բանակցությունների սկսելու վերաբերյալ, և փորձում են բացասական ֆոն ստեղծել, վախեցնել վրաց հասարակությանը»։ Նրա խոսքով, «բանաձևի հիմնական նպատակն է նպաստել 2022 թվականին ձախողված գործընթացներին»:
«Քանի որ այդ բանաձևերն այն ժամանակ արժեք չունեին, հիմա ևս արժեզուրկ է»,- կրկնել է Կոբախիձեն։
Ի դեպ, Ուկրաինա Ռուսաստանի Դաշնություն լայնամասշտաբ ներխուժումից հետո Վրաստանը սկսել է ապատեղեկատվական արշավ՝ հիմնված «Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու փորձերի» մասին դավադրության տեսությունների վրա։ Մինչ այդ «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն Եվրախորհրդարանի բանաձևն անվանել էր «ամոթալի մակուլատուրա»։
Ապրիլի 25-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանում «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Բանաձևի մաիսն ավելին՝ ստորև նյութում.
Պատժամիջոցներ Իվանիշվիլիին, վիզային ռեժիմի հարցը կվերանայվի. ԵԽ բանաձևն ընդունվեց