Կոբախիձեն արձագանքել է Իսպանիայի, Իտալիայի և Ռումինիայի հայտարարություններին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե «երեք եվրոպական երկրներ ճնշումներից հետո են փոխել իրենց դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ»։

Կոբախիձեի խոսքով, ԵՄ արտաքին գործերի (ԱԳ) նախարարների հանդիպմանը Իսպանիայի, Իտալիայի և Ռումինիայի ներկայացուցիչները բացասական դիրքորոշում են հայտնել անձնական պատժամիջոցների կիրառման վերաբերյալ, բայց հետագայում փոխել են իրենց տեսակետը։

«Եղել են ճնշումներ, որոնց պատճառով նրանք ստիպված են եղել հետ վերցնել այն դիրքորոշումը, որը որդեգրել են խորհրդում։ Դուք կարող եք դա անվանել սուտ, բայց ես չեմ ուզում: Դա նրանց ընտրությունն է… Փաստն այն է, որ նրանք հակառակ դիրքորոշում ունեին պատժամիջոցների հարցում»,- այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ասել է Կոբախիձեն։

Նախօրեին նա կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում ասել էր, թե անձնական պատժամիջոցների կիրառումն արգելափակել են ԵՄ հինգ երկրներ (Հունգարիա, Սլովակիա, Իսպանիա, Իտալիա և Ռումինիա)։ Կոբախիձեն շնորհակալություն էր հայտնել նրանց «Եվրամիության խորհրդում վրաց ժողովրդի շահերը պաշտպանելու համար»։

Շնորհակալությունից մի քանի ժամ անց Իսպանիան, Իտալիան և Ռումինիան հերթով հերքեցին Կոբախիձեի հայտարարությունը։