Վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը Վրաստանի ընտրական գործընթացներին Ռուսաստանի միջամտության մասին։ Նրա խոսքով՝ Մակրոնը պետք է «հոգ տանի» Ուկրաինային։
«Ֆրանսիայի նախագահը թող հոգ տանի Ուկրաինային, որին զոհաբերեցին կործանման։ Ես խոսում եմ իրական խնդրի մասին։ Չեմ կարող մեկնաբանել սուտը, ես մեկնաբանում եմ այն խնդիրը, որը ծառացած է բոլորի առաջ՝ դա կործանված Ուկրաինան է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն, որի լեգիտիմությունը որպես Վրաստանի վարչապետ չեն ճանաչում ընդդիմադիր կուսակցությունները, հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, քաղաքացիական հասարակությունը:
Միջազգային հանրությունը հարցականներ ունի նաև 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված։
Նշենք, որ երեկ՝ հունվարի 6-ին, ելույթ ունենալով Ֆրանսիայի դեսպանների համաժողովում, Էմանուել Մակրոնն ասել է, որ Ռուսաստանի վարքագիծը «շատ ավելի ագրեսիվ է դարձել իր հարևանների նկատմամբ»։ Այս համատեքստում նա խոսել է Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի մասին` նշելով Վրաստանի ընտրական գործընթացներին Ռուսաստանի միջամտության մասին: