Կոբախիձե –Վարհեյ հեռախոսազրույցն աղավաղված է ներկայացվել

Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը պատասխանել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ուղղված «սպառնալիքի» մասին հայտարարությանը։ Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ Վարհեյը մտահոգություն է հայտնում, որ իր հեռախոսազրույցի մի հատվածն ամբողջությամբ հանվել է համատեքստից։

«Ցանկանում եմ իմ անկեղծ ափսոսանքը հայտնել, որ իմ հեռախոսազրույցի որոշ հատվածներ հանվել են համատեքստից, և փոխանցվել է հանրությանն այնպես, որ հանգեցնել է գլխավոր նպատակի ամբողջական սխալ մեկնաբանմանը»,- գրել է Վարհեյը։

«Վրաստանում ստեղծված քաղաքական իրավիճակում ես մեծ ջանքեր եմ գործադրում կառավարությանը համոզելու, որ օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը կարող է խաթարել Վրաստանի ուղին դեպի Եվրամիություն։

Քանի որ քաջատեղյակ եմ վրաց հասարակության խիստ եվրոպամետ տրամադրություններին, իմ հեռախոսազրույցի ընթացքում հարկ եմ համարել վարչապետի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս օրենքի ընդունումը չի կարող է հանգեցնել հետագա բևեռացման և հնարավոր անվերահսկելի իրավիճակների Թբիլիսիի փողոցներում։ Այս առումով Սլովակիայում տեղի ունեցած վերջին ողբերգական իրադարձությունը բերել եմ որպես օրինակ և ցուցում, թե ուր կարող է մեզ տանել հասարակության բևեռացվածության նման բարձր մակարդակը»,- գրել է եվրահանձնակատարը՝ կրկին Վրաստանի իշխանություններին կոչ անելով չընդունել «Գործակալների մասին օրենքը»։

Մայիսի 23-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է, որ եվրահանձնակատարներից մեկը սպառնացել է իրեն։ Կոբախիձեն նկատել է՝ Վարհեյը ասել է, թե «գործակալների մասին» օրենքի վետոն հաղթահարելուց հետո իրեն սպառնում է նույն ճակատագիրը, ինչ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։