Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հիմնած «Հանուն Վրաստան» կուսակցության առաջնորդներից Լևան Դոլիձեն հայտարարել է, որ չեն պատրաստվում սակրեբուլոյում դաշինք կազմել ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժման» կամ իշխող «Վրացական երազանքի» հետ:
«Մեր որոշումները հիմնված կլինեն քաղաքացիների շահերի վրա: Ընդգծում ենք, որ չենք պատրաստվում «Ազգային շարժման» հետ դաշինք կազմել և նրանց հետ համագործակցել՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում ստեղծված խորհուրդներում: Հարկ է նաև նշել, որ մենք քաղաքային խորհրդում չենք նախատեսում գործընկերություն և դաշինքներ ստեղծել «Վրացական երազանքի» հետ»,- ասել է Դոլիձեն՝ հավելելով, թե որոշումներ կայացնելիս հաշվի են նստելու մի կողմից պետության, մյուս կողմից քաղաքացիների շահերի հետ։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Վրացական երազանքը» կորցնում է իր մեծամասնությունը մի քանի քաղաքային խորհուրդներում: Այս խորհուրդների մեծ մասում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ կլինի կոալիցիա կազմել, մինչդեռ Զուգդիդիում մեծամասնությունը կկազմի միայն «Միացյալ ազգային շարժումը»:
Որոշ քաղաքապետարաններում մեծամասնությունը կորոշվի երկրորդ փուլում, իսկ մյուսներում՝ ու՞մ հետ կհամագործակցեն Գիորգի Գախարիայի կուսակցության ներկայացուցիչները:
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ իրենց կուսակցությունը մեծամասնություն կհավաքի այն քաղաքային խորհուրդներում, որտեղ առաջին փուլում բավարար ձայներ չեն ստացել: Կոբախիձեն բացառում է համագործակցությունը Գախարիայի կուսակցության հետ, որի անդամների դիրքորոշումը, որոշ խորհուրդների դեպքում, որոշիչ է լինելու կոալիցիայի ձևավորման գործընթացում: