Կնոջ աշխատելու մասին կարծիքները բազմաբնույթ և իրարամերժ են: Ոմանք կարծում են, որ աշխատող մայրը չի կարողանում բավարար ժամանակ տրամադրել երեխայի դաստիարակությանն ու կրթությանը: Ոմանք էլ պնդում են, որ աշխատող կանայք ավելի ճիշտ են կարողանում կառավարել իրենց ժամանակը և երեխաների դաստիարակությունն ու կրթությունն իրենց աշխատելու պատճառով չեն տուժում:
Վերոնշյալ հարցերը կարելի է դիտարկել և վերլուծել տարբեր անկյուններից: Մենք կփորձենք աշխատելու և չաշխատելու հետ կապված հարցերը վերլուծենք հոգեբանական տեսանկյունից:
Հոգեբան Ա. Մ.-ի կարծիքով, չաշխատող մայրերը ամբողջ օրն անց են կացնում տանը՝ խոհանոցում: Իրենց կատարած աշխատանքը հաճախ չի երևում և չի գնահատվում: Այդ հոգսերի մեջ նրանք զբաղվում են երեխաների դաստիարակությամբ: Երեխաների ցանկացած պահվածք, որը իրենց սրտով չէ, դառնում է մեծ պատմություն: Այս կանանց ինքնագնահատականը, սովորաբար, ավելի ցածր է լինում: Եթե նա չունի աշխատավայր, որտեղ կերևա իր աշխատանքը, կկարողանա ինքնահաստատվել և կայանալ, ապա սրա հետևանքով առաջացած ամբողջ հոգեբանական խնդրները նա տեղափոխում է երեխանի դաստիարակության դաշտ: Աշխատանք չունենալը նաև թերարժեքության պատճառ է դառնում, ինչի արդյունքում նրանք ագրեսիվ վարք են դրսևորում շրջապատի մարդկանց նկատմամբ:
Ի տարբերություն չաշխատող կանանց, աշխատող կանայք ավելի արդյունավետ են կազմակերպում իրենց առօրյա գործերը: Ունեն հոգեբանական ավելի կայուն վիճակ և ինքնագնահատականները բավականին բարձր են: Ամեն փոքրիկ հարցում չեն փորձում ինքնահաստատվել: Նրանք աշխատանքի հետ մեկտեղ զբաղվում են նաև կենցաղային հարցերով և երեխաների դաստիարակությամբ: Աշխատող կանանց երեխաներն ավելի ինքնուրույն, կայացած են և կարողանում են ինքնուրույն որոշումներ կայացնել:
Հոգեբանի կարծիքով, չաշխատող մայրերն իրենց անկայուն հոգեբանական վիճակից ելնելով, կենտրոնանում են երեխաների դաստիարակության վրա և հաճախ այդ «դաստիարակության» արդյունքում և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես բռնություն են գործադրում իրենց երեխաների վրա:
Բերենք հաճախ հանդիպող օրինակ, թե ինչպես են նույն հարցին արձագանքում աշխատող և չաշխատող կանայք: Եթե երեխան որևէ առարկայից ունի բացթողումներ և ուսուցիչը ծնողին զգուշացնում է դրա մասին, չաշխատող մայրերը սա համարում են իրենց անձնական «ձախողումը» և սկսում են ճնշումներ գործադրել երեխայի վրա, փոխարենը՝ գտնեն խնդիրը և միասին լուծումներ որոնեն: Աշխատող մայրերը սա անձնական ողբերգության չեն վերածում, խոսում են ուսուցչի հետ, փորձում են հասկանալ ինչը կարող է նման վարքագծի պատճառ դառանալ: Աստիճանաբար լուծում են խնդիրը: Արդյունքում չաշխատող կանանց երեխաների մոտ նկատվում է ընկճվածություն, վախ, անինքնավստահություն: Իսկ աշխատող կանանց երեխաները հաղթահարում են խնդիրը և ավելի վստահ լինում իրենց գործողություններում: Այստեղ կարևոր է նշել, որ նման ծայրահեղ մոտեցման պատճառները նաև սոցիալական և կրթական մակարդակների տարբեր աստիճաններն են:
Եթե կինը չի աշխատում, դա դեռևս չի նշանակում, որ չպետք է ունենա անձնական կյանք, հետաքրքրությունների շրջանակ, տարատեսակ հոբբիներ և այլն: Ի վերջո կինն այնքան կայացած և ուժեղ պետք է լինի, որպեսզի կենցաղը նրան չդարձնի տնային աշխատող մի մեքենայի, այլ ինքը կենցաղը դարձնի մի հետաքրքիր աշխարհ, որտեղ բոլորը կունենան իրենց ուրույն տեղն ու դերը, իսկ կենտրոնում կլինի ինքը՝ որպես մի հետաքրքիր ու լուսավոր կետ՝ ամուսնու և երեխաների համար:
Նյութը պատրաստվել է «Աշխատավայրում գենդերային հավասարության աջակցություն — Քվեմո Քարթլիի շրջան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է կանանց հզորացնել աշխատանքային խտրականության հարցում և կանխել գենդերային բռնությունը`Քվեմո Քարթլիի շրջանում կանանց աշխատանքային իրավունքների մասին իրազեկության բարձրացման միջոցով: Այս հոդվածում արտահայտված տեսակետները ծրագրի թիմի տեսակետներն են և հնարավոր է չարտացոլեն դոնորի տեսակետները: