
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկել է գլխավորել իր կուսակցությունը: Այս մասին Կլիչկոն հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում:
Կլիչկոն նշել է, որ իր «Ուդառ» կուսակցությունը մասնակցելու է հուլիսի 21-ին կայանալիք Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Ես մնում եմ կուսակցության առաջնորդ, իսկ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկում եմ կուսակցության ղեկավարի պաշտոնը»,- հայտարարել է Կլիչկոն:
Կլիչկոն ասել է նաև, որ Սաակաշվիլիի կուսակցությունն ընտրություններին մասնակցելու համար խոչընդոտներ ունի, սակայն ինքը պատրաստ է կանգնել Սաակաշվիլիի հիմնած «Նոր ուժերի շարժում» կուսակցության կողքին:
Նշենք, որ Միխեիլ Սաակաշվիլին չի կարող դառնալ գերագույն Ռադայի պատգամավոր, քանի որ նա 5 տարի չի ապրել Ուկրաինայում, սակայն կարող է լինել կուսակցության դեմքը և ակտիվորեն ներգրավվել նախընտրական քարոզարշավում: