
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ այսօր՝ փետրվարի 24-ին, ԵՄ արտգործնախարարները կքննարկեն նաև Վրաստանի հարցը։
Այս տեղեկությունը Կալասը հայտնել է լրագրողներին Բրյուսելում՝ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման մեկնարկից առաջ։
«Մենք կքննարկենք նաև Վրաստանի հարցը։ Իհարկե, իրադարձությունները բավականին մտահոգիչ են, ուստի կքննարկենք, թե ինչ կարող ենք անել։
Մենք բարձրացրել ենք այն անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը, ովքեր իրականում բռնություն են գործադրում խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Մինչ այժմ մենք չենք կարողացել համոզել երկու եվրոպական երկրի, որ համաձայնեն այդ առաջարկին, սակայն շարունակում ենք ջանքեր գործադրել», – հայտարարել է Կալասը։