«Ուկրաինացի ժողովուրդը՝ Ուկրաինան, մեր բարեկամ երկիրն է։ Ուստի մենք կենտրոնացած ենք լինելու ոչ միայն երկրների, այլև իշխանությունների միջև բարեկամության ամրապնդման վրա»,- այս մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Ըստ Կոբախիձեի՝ ուկրաինացի քաղաքական գործիչների կողմից հնչած յուրաքանչյուր հայտարարություն ծառայում է Վրաստանին պատերազմի մեջ ինչ-որ կերպ ներքաշելուն։
«Պատերազմից հետո ամեն ինչի մասին խոսելու ավելի շատ տեղ կլինի։ Մեզ համար կարևորն այն է, որ կա ավանդական դարավոր բարեկամություն ժողովուրդների, երկրների միջև, և դա, իհարկե, ուղղակիորեն պետք է արտացոլվի իշխանությունների բարեկամության մեջ, ինչը, ցավոք, այսօր չենք տեսնում Ուկրաինայի իշխանությունների կողմից», — ասել է Կոբախիձեն։