Stevie Wonder Live in Georgia. Այս վերնագրով «ֆեյսբուք» սոցիալական ցանցում միջոցառում է տարածվել, որտեղ մասնավորապես ներկայացված են ամերիկացի սոուլ երգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար, թմբկահար, երաժշտական պրոդյուսեր, հասարակական գործիչ, 20-րդ դարի երաժշտության վրա մեծ ազդեցություն ունեցած Սթիվի Ուանդերի Թբիլիսիում կայանալիք համերգը: Միջոցառման կազմակերպիչ Biletebi online էջը գրում է.
«Սթիվի Ուանդերը Վրաստանում հանդես կգա համերգով փետրվարի 28-ին՝ Թբիլիսիի մեծ համերգասրահում: Ձեռք բերեք տոմսերը kassir.ru կայքից: Տոմսերի գինը՝ 300-ից 1500 լարի»:
Միջոցառումով հետաքրքրվել է ավելի քան 3 հազար մարդ:
«Ալիք մեդիան» տեղեկությունը ճշտելու նպատակով զանգահարեց Թբիլիսիի մեծ համերգասրահ, որտեղից մեզ հայտնեցին, որ նման համերգ ծրագրված չէ:
Ինչ վերաբերում է միջոցառումը ստեղծող էջին, այստեղ պարբերաբար հրապարակվում են տարբեր կեղծ համերգներ, իսկ մեկնաբանություններում օգտատերերն անլուրջ են վերաբերում դրանց: